Ֆրանսիայի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչել տղամարդուն, որն իր 3-ամյա որդուն մտցրել է լվացքի մեքենայի մեջ և միացրել այն՝ որպես չարաճճիության համար պատիժ: Ինչպես հայտնում է i24 News-ը, 36-ամյա Քրիստոֆ Շամպենուան դատապարտվել է 30 տարվա ազատազրկման առնվազն 20 տարի առանց պայմանական վաղաժամ ազատման իրավունքի: Նրա կինը 29-ամյա Շարլին Կոտտեն դատապարտվել է 12 տարվա ազատազրկման սպանությանը հանցակցության և բռնության հրահրման համար:

 

Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի արևելյան արվարձանում 2011թ. նոյեմբերին: Տղայի ավագ քրոջ խոսքով` հայրը որոշել է նրան պատժել մանկապարտեզում չարաճճիության համար: Շամպենուան որդուն նստեցրել է լվացքի մեքենայի մեջ, միացրել է այն, իսկ ինքը գնացել է հարևան սենյակ՝ համակարգչի դիմաց նստելու:

 

Նշվում է, որ հանցագործության պահին տանն են եղել նաև երեխայի մայրն ու քույրը: Նրանք հարևան սենյակում են եղել, բայց նրան օգնության չեն հասել: Նշվում է, որ երբ տղան մահացել է, Շամպենուան անձամբ է շտապօգնություն կանչել՝ հայտնելով, որ ինքը «փոքրիկ խնդիր» ունի. երեխան աստիճաններից ընկել է:

 

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղան անցանկալի երեխա է եղել ընտանիքում և ծնողների կողմից մշտապես ենթարկվել է ծեծի ու ծաղրի: