ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. 

«Հարգելի խորհրդարան,

Քաղաքական աշունը մտել է իր իրավունքների մեջ: Քաղաքական օրակարգի հիմնական հարցերը սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկումներն են, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

 

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկմանը՝ պետք է արձանագրել, որ քաղաքական ուժերի մեծամասնությունն ակտիվ մասնակցում է դրանց: Այսինքն՝ քաղաքական կոնսոլիդացիան այլևս փաստ է: Ուշագրավ է, որ քննարկումներին մասնակցել են ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այլև հասարակական լայն շրջանակներ, ինչը բնորոշ է մայր օրենքի քննարկմանը: Բնականաբար եթե կան կողմնակիցներ, կլինեն նաև ընդդիմախոսներ: Այնուհանդերձ, տարակուսելի է, որ ընդդիմախոսների մեծ մասը գրեթե որեւէ բովանդակային հակափաստարկ չի ներկայացնում և փաստաթուղթը քննադատելու փոխարեն հանդես է գալիս իշխանափոխության կոչերով: Հարկ է նշել, որ բոլոր ժողովրդավարական երկրներում իշխանափոխության հասնում են ընտրությունների միջոցով: Մինչդեռ կիրակի մեր երկրի մի շարք համայնքներում կայացած ընտրություններում ընդդիմությունը մրցակցային թեկնածուներ չունենալու պատճառով չմասնակցեց դրանց: Կարծում եմ՝ այս փաստը պետք է մտահոգի նախ եւ առաջ ընդդիմությանը:

 

Հարգելի գործընկերներ,

Ադրբեջանը, մերժելով բանակցային գործընթացում առկա սկզբունքները և համանախագահ երկրների կոչերը, ամռան ընթացքում շարունակեց ապակայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Նման վարքագիծը անթույլատրելի է և դատապարտելի: Ավելին՝ այն պետք է արժանանա հասցեական քննադատության միջազգային հանրության կողմից: Այսօր Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում Հանրապետության Նախագահը նշել է. «Ադրբեջանական կողմի' իրավիճակը սրելու փորձերը միջազգային հանրության կողմից ադեկվատ արձագանքի բացակայության պայմաններում հղի են ողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգներով»: Բանակցությունները փակուղի տանելու Ադրբեջանի բոլոր ջանքերը ենթակա են դատապարտման: ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ:

 

Մինչ Ադրբեջանի իշխանություններն ապակայունացման փորձեր են կատարում, Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը: Դրա վառ ապացույցն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն էին, որոնք վերահաստատեցին Արցախի ինքնիշխան և ժողովրդավարական լինելու փաստը:

 

Շնորհակալություն ուշադրության համար: