Շվեյցարական Ցյուրիխը և Ժնևն աշխարհի ամենաթանկ քաղաքներն են ճանաչվել ապրելու համար, դրանք առաջ են անցել Նյու Յորքից և Լոնդոնից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է UBS AG բանկի հետազոտության մեջ:
Երեք անձից բաղկացած ընտանիքին անհրաժեշտ է ամսական 3600 դոլար աշխատել Ցյուրիխում, որպեսզի ապահովի ապրանքների ու ծառայությունների նվազագույն հավաքածուն, որը բաղկացած է 122 դիրքերից և չի ներառում բնակվարձը: Ժնևում ապրելու համար ամսական կլինի վաստակել 3500 դոլար, Նյու Յորքում՝ 3340 դոլար, Լոնդոնում՝ մոտավորապես 2800 դոլար, նշվում է UBS-ի հաշվետվության մեջ:
Այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Կիևը և Սոֆիան, ընտանիքը կկարողանա ապրել ամսական 1300 դոլարով: Նույնիսկ Նյու Դելիում և Մումբայում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է մոտավորապես 1500 դոլար:
Եթե հաշվի առնվի վարձավճարը, ապա առաջին տեղում կհայտնվի Նյու Յորքը, որտեղ երկու ննջասենյակ ունեցող բնակարանի վարձի միջին արժեքը, առանց կահույքի, ամսական կազմում է 4320 դոլար՝ Ցյուրիխի 2390 դոլարի դիմաց:
Բարձր գները նաև զգալի ծախսեր են ենթադրում այն զբոսաշրջիկների համար, որոնք ցանկանում են այցելել այս քաղաքներ: Մեկօրյա այցը Ժնև կամ Ցյուրիխ, ինչպես նաև Տոկիո և Նյու Յորք, զբոսաշրջիկների զույգի վրա կնստի առնվազն 1000 դոլար:
Հարկ է նշել, որ Շվեյցարիայի քաղաքների բնակիչները շատ ավելի մեծ գումարներ են վաստակում, քան մյուս երկրների բնակիչները: Ցյուրիխում միջին աշխատավարձը կազմում է ժամում 41 դոլար. դա 21 անգամ ավելի է միջին կիևցու աշխատավարձից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: