Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախկին նախարարի հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն ընդգծեց, որ Արմեն Մովսիսյանին ճանաչել է դեռ այն տարիներից, երբ նա նախարարի պաշտոն չէր զբաղեցնում: «Մենք նույն կուսակցությունն էինք ներկայացնում և ունեցել ենք շատ մտերիմ հարաբերություններ: Այնուհետև նա նախարար դարձավ և երկար տարիներ զբաղեցրեց այդ պաշտոնը՝ ղեկավարելով շատ կարևոր ոլորտ: Ինձ համար իսկապես անսպասելի էր նրա վաղաժամ մահվան լուրը, քանի որ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո նրան մի քանի անգամ եմ առիթ ունեցել հանդիպելու: Վստահաբար կարող եմ ասել, որ նա իր գործընկերների մոտ թողեց բարի անուն, աշխատասեր ազնիվ մարդու անուն, մեծ պատիվ ու հարգանք: Ցավակցում են նրա հարազատներին ու բարեկամներին»,- ասաց Նիկոյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արմեն Մովսիսյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման գործում: «Շատ աշխատասեր էր, անգամ եթե ուշ ժամերի էինք զանգում, Կառավարությունում էր լինում: Երբ Գերմանիայում բուժվում էր, խոսել եմ հետը, բոլորս անհանգստանում, զանգում էինք: Ցավում եմ, որ նա անժամանակ հեռացավ կյանքից: Մեծ մարդու կորցրինք»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մահացել էր սեպտեմբերի 21-ին, Գերմանիայում, որտեղ տևական ժամանակ բուժման կուրսեր էր անցել: Արմեն Մովսիսյանի հուղարկավորությությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, Սյունիքի մարզի Ագարակ համայնքում: