Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեր Անդրյուի (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:

 

Ավելի ուշ եռանախագահների առաջարկությամբ և նրանց ներկայությամբ կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացրին, որ Նալբանդյանը կարևորել է, որ համանախագահները վերահաստատում են այն առաջարկությունը, ինչի վերաբերյալ բազմիցս իրենց համաձայնությունն են տվել Հայաստանը և Արցախը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։