Մինսկում համաձայնագիր է ստորագրվել Դոնբասում հակամարտող կողմերի շփման գծից մինչև 100 միլիմետր տրամաչափով սպառազինությունները հետքաշման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ուկրաինայի արևելքի իրադրության կարգավորման գծով եռակողմ շփման խմբում (Ուկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ) ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Մարտին Սայդիկը հայտնել է, որ փաստաթուղթը ձևակերպվել է որպես Մինսկի համաձայնագրերի իրագործման համալիր միջոցառումների լրացում:

 

Որոշվել է, որ տանկերը, մինչև 100 միլիմետր տրամաչափով հրետանին, ինչպես նաև մինչև 120 միլիմետր տրամաչափով ականանետները շփման գծից պետք է հետ քաշվեն 15 կիլոմետր հեռավորության վրա:

 

«Դա ևս մեկ կարևոր քայլ է այն համաձայնությունների իրագործման համար, որոնք արդեն ձեռք են բերվել Մինսկում: Այդ համաձայնագիրն էական ավանդ կդառնա հրադադարի ռեժիմի և ամբողջ Մինսկի գործընթացի ամրապնդման գործում»,- հայտարարել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը:

 

Սպառազինությունների հետքաշման առաջին փուլը «կսկսվի լիակատար հրադադարից երկու օր անց և կընդգրկի Լուգանսկի մարզի մեծ գոտի», նշել է Մարտին Սայդիկը:

 

15 օրվա ընթացքում հետքաշումը կիրականացվի ըստ զենքի տեսակների. նախ հետ կքաշվեն տանկերը, այնուհետև՝ հրետանին, ապա նաև՝ ականանետները: