Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից հոկտեմբերի 1-ին Ժնևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվեց պաշտոնական ընդունելություն' նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին: Ընդունելությանը ներկա էին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկերը, Շվեյցարիայի դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և Բեռնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցչներ:

 

 

Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշեց, որ 24 տարին, անշուշտ, մեծ ժամանակահատված չէ առավել քան երեք հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար: Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անկախության քսանչորս տարիները վճռորոշ ժամանակահատված են մեր ժողովրդի' հատկապես ազգերի ընտանիքում վերաինտեգրման համար:

 

 

Նա իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի բոլոր բարեկամներին, բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ուղեկիցներն են այդ ճանապարհին' հիշատակելով, մասնավորապես, Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններին, Շվեյցարիային:

 

 

Շառլ Ազնավուրն առաջարկեց բարձրացնել բաժակները' հանուն Հայաստանի խաղաղության և բարգավաճման, հանուն հայ-շվեյցարական բարեկամության և մեր մոլորակի լավագույն ապագայի:

 

 

«Ինքս, ծնողներս զրկված լինելով հայրենիքից, ուրախ եմ, որ այժմ ունեմ երեք հայրենիք, որտեղ ինձ երջանիկ եմ զգում' Հայաստանը, Ֆրանսիան և Շվեյցարիան», - նշեց դեսպան Ազնավուրը:

 

 

Երեկոյի ընթացքում հայ և շվեյցարացի երաժիշտներից կազմված քառյակի կատարմամբ հնչեցին Հայաստանի և Շվեյցարիայի օրհներգերը, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ կոմպոզիտորների կատարումները: