Թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռի միջադեպի հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Ռուսաստանին գազի գնման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին լրագրողների հետ Էրդողանը խոսել է ինքնաթիռում՝ Ճապոնիա ուղևորության ընթացքում:

 

«Մենք Ռուսաստանի թիվ մեկ գազ սպառողն ենք: Թուրքիային կորցնելը Ռուսաստանի համար շատ լուրջ կորուստ կլինի: Իսկ Թուրքիան, անհրաժեշտության պարագայում, շատ տարբեր տեղերից կարող է գազ գնել: Հետևաբար այս հարցերում Ռուսաստանը պետք է շատ ավելի զգուշավոր լինի»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նա անդրադարձել է նաև Աքքույուի ատոմային էլեկտրակայանի կառուցման խնդրին՝ հավելելով, որ եթե ռուսները այն չկառուցեն, ապա դա կանեն ուրիշները: «Սրանք միակողմանի խնդիրներ չեն: Սրանք խնդիրներ են, որոնց շուրջ պետք է մտածի նաև Ռուսաստանը»,- ասել է Էրդողանը:

 

Ռուս-թուրքական հարաբերությունները վատացել էին այն բանից հետո, ինչ ռուսական ինքնաթիռը սխալմամբ հատել էր Թուրքիայի օդային սահմանը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 5-ին Ռուսաստանին ուղղված կոշտ հայտարարություն էր տարածել՝ կապված հոկտեմբերի 3-ին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռի՝ թուրքական օդային տարածքը խախտելու հետ: «Այս կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է նախարարություն, որտեղ նրան հայտնել ենք մեր կտրուկ բողոքը և պահանջել այսուհետև նման դեպք թույլ չտալ , հակառակ դեպքում հնարավոր ոչ ցանկալի հետևանքների պատասխանատվությունը կկրի Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Ավելի ուշ ռուսական կողմը հստակեցում մտցրեց իրադրության մեջ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ Ռուսական Су-30 կործանիչը, որը Սիրիայում մասնակցում է «Իսլամական պետության» դեմ գործողություններին, Թուրքիայի օդային տարածքը խախտել է սխալմամբ' ոչ բարվոք եղանակային պայմանների պատճառով:

 

Այնուհետև տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հոկտեմբերի 3-ի ներխուժումից զատ ռուսական ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային սահմանը նաև հոկտեմբերի 4-ին, սակայն այս մասին որևէ պաշտոնական հայտարարություն ռուսական կողմից դեռևս չի արվել:

 

Խնդրի վերաբերյալ հայտարարություն արեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ասելով, որ պատահականություն չի համարում ռուսական ինքնաթիռների ներխուժումը Թուրքիայի օդային տարածք: