Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է երկրի տնտեսության աղետալի վիճակը, համատարած կոռուպցիան և անօրինականությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևը խոսել է 2015 թվականի 9 ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին նվիրված կառավարությունում անցկացված նիստում: Նա անգամ նշել է, որ Ադրբեջանում 30 հազար աշխատատեղեր փակվել են:
Ձախողված տնտեսական քաղաքականության պատճառով հունից դուրս եկած Ալիևը չի կարողացել թաքցնել իր զայրույթը և հայտարարել է, թե «եթե կաշառակերություն, կոռուպցիա, ձևական ստուգումներ և այլ ապօրինություն չլինեին, պետբյուջեն բավականին կաճեր»:
«Ինչքան կարելի է հանդուրժել: Արդեն բավական է, մեր համբերությունը հատել է: Յուրաքանչյուրը պետք է եզրակացություն անի, հակառակ դեպքում' կպատժվի»,- ասել է նա:
«Ես պետք է նաև նշեմ, որ վերջին 9 ամիսներին փակվել են մոտ 30 հազար աշխատատեղեր»,- հավելել է Ալիևը:
Ադրբեջանի անկախացումից հետո հայր և որդի Ալիևների վարած անհեռատես քաղաքականության պատճառով երկրի պետբյուջեն ամբողջությամբ կախված է էներգակիրների արտահանումից:
Նավթի համաշխարհային գների և մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական և մասնավոր հաստատություններ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: