ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 41-ամյա տղամարդու մահվան իրական պատճառը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2015թ հոկտեմբերի 15-ին' ժամը 12:00-ին, ահազանգ էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի 2-րդ հանրակացարանի իր սենյակում հանկարծամահ է եղել 1974թ. ծնված Արմեն Սարգսյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն, որի ընթացքում դիակի աջ աչքի շրջանում հայտնաբերվել է կապտուկ։ Նույն օրը նշանակվել է դիակի դատբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
16.10.2015թ ստացվել են դիահերձման արդյունքները, ըստ որի՝ Արմեն Սարգսյանի մահը վրա է հասել գանգուղեղի փակ բութ վնասվածքի հետևանքով, որը մահվան հետ գտնվում է ուղղակի անմիջական կապի մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տուժածին պատճառված մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարված քննության արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ՝ հոկտեմբերի 12-ին, հանրակացարանի իր սենյակում Ա.Սարգսյանը հյուրընկալել է ազգականին, որի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն։ Նախնական քննության տվյալներով՝ վիճաբանության ընթացքում ազգականը բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սարգսյանի մարմնի տարբեր մասերին (դեմքին, գլխի ետնամասին, կրծքավանդակի շրջանին, մեջքին)' պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հոկտեմբերի 17-ին ազգականը ձերբակալվել է՝ Ա.Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: