Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում հայ ընտանիքի գնդակոծության մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Հոկտեմբերի 22-ին թուրք-սիրիական սահմանի մերձակայքում Ղամիշլի ավանի բնակիչներ Ավետիսյանների ընտանիքը հայտնվել է դիպուկահարների թիրախում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությո ւնից: Դիպուկահարների կրակոցից ընտանիքի որդին՝ 15–ամյա Արմեն Ավետիսյանը հրազենային երկու վնասվածք է ստացել և տեղում մահացել է: Աղբյուրի տեղեկացմամբ' Ղամիշլիի «Գանձասարի» աշխատակիցը հայտնել է, որ Ավետիսյանների ընտանիքի չորս անդամները՝ հայրը, մայրը, դուստրը և որդին, Ղամիշլիից ուղղվել են դեպի Թուրքիայի սահման և դիպուկահարները կրակ են բացել նրանց ուղղությամբ:
Ավետիսյանները դեպքից հետո վերադարձել են Ղամիշլի: Արմեն Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան' Ղամիշլիի հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցում:
Սիրիայում շուրջ հինգ տարի շարունակվող հակամարտության զոհերի թիվը, ՄԱԿ-ի տվյալներով, գերազանցել է 220 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: