Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեղադրականում սպանության մասին նախապես տեղեկացված լինելու և կանխամտածված սպանությանն օժանդակելու հիմավորումներով ցմահ ազատազրկում է պահանջվում սպանությունը կատարվելու ժամանակ Ստամբուլի հետախուզական վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքի և հետախուզության C բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերի համար:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, լրագրողներին հայտնել է Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն:

 

Նրա խոսքով՝ Դինքի սպանությունը կազմակերպելու մասին անվտանգության լիազոր պաշտոնյաների տեղեկացված լինելու հիմնավորումով հետաքննության շրջանակում պատրաստված մեղադրականում «պարտականությունները վատ կատարելու» մեղադրանքով 6 տարվա ազատազրկում է պահանջվել այդ ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթին Ջեռահի և ոստիկանության հետախուզական վարչության պետ Սաբրի Ուզունի նկատմամբ:

 

Դատախազ Սավջը Քյոյքչուի կողմից Ստամբուլի գլխավոր դատախազություն ներկայացված մեղադրականում դարձյալ կալանավորելու պահանջ է ներկայացվել «ծրագրված կերպ դիտավորյալ սպանությանն օգնելու», «պաշտոնական փաստաթղթեր կեղծելու», «պաշտոնական փաստաթուղթ վերացնելու և թաքցնելու», «պարտավորությունները վատ կատարելու» մեղադրանքներով ավելի վաղ ձերբակալված և հարցաքննությունից հետո ազատ արձակված անվտանգության ևս 9 կասկածյալ աշխատակիցների նկատմամբ: Այդ կասկածյալներն են Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության պետի նախկին տեղակալ Ջոշքուն Չաքարը, հետախուզական վարչության տեխնիկական բաժնի նախկին պետ Յունուս Յազարը, Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ահմեթ Իլհան Գյուլերը, Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ֆարուք Սարըն, ոստիկաններ Մեհմեթ Այհանը, Օնուր Քարաքայան, հետախուզության C բաժնի պետի նախկին տեղակալներ Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյուլբելը և C-2 բաժնի նախկին պետ Յըլմազ Անգընը:

 

Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջել են, որպեսզի մեղադրականում ներառնվեն նաև գործով անցնող այլ կասկածյալ ոստիկանապետեր:

 

Դինքի սպանությունն իրագործած Օգյուն Սամասթի նոր ցուցմունքներում տեղ են գտել տեղեկություններ այն մասին, որ հանցագործությունը կատարվելու ժամանակ Ստամբուլի հետախուզական վարչության ղեկավար Ռամազան Աքյուրեքը և հետախուզության C բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը հանցագործությունից առաջ անձամբ ծանոթ են եղել Դինքի սպանությունը կազմակերպելու մասին նախապես տեղեկացրած ոստիկանության գործակալ Էրհան Թունջելի հետ:

 

Ստամբուլի հետախուզական վարչության տեսուչների կողմից երկար ժամանակ անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Ռամազան Աքյուրեքի ղեկավարության ժամանակաշրջանում համակարգիչներից խիստ կարևոր տեղեկություններ են ջնջվել: Այդ փաստաթղթերի մեջ եղել են նաև Հրանտ Դինքի սպանության հետ կապված տեղեկություններ: Դատախազությունը կասկածներ ունի Աքայուրեքի' Ֆեթուլլահ Գյուլենի համայնքի հետ կապեր ունենալու վերաբերյալ:

 

Ռամազան Աքյուրեքի անունն առաջին անգամ օրակարգում հայտնվել է Ստամբուլի հետախուզական վարչության պետ նրա աշխատելու ժամանակ: Ստամբուլի նահանգապետ Էրոլ Չաքըրն այն ժամանակ 35 ծառայողական գրություն էր ներկայացրել Ֆեթուլլահ Գյուլենի հոսանքին նրա հարելու մասին: Չնայած դրան' Ռամազան Աքյուրեքը 2004 թ. բարձր պաշտոնի էր նշանակվել Տրապիզոնի անվտանգության տնօրինությունում, որից հետո նրա ծառայած տարածքներում հնչեղ քրեական իրադարձություններ են տեղի ունեցել:

 

Դրանցից առաջինը 2004 թ. Տրապիզոնում Mc Donald's-ի վրա նռնակներ նետվելն էր, 2004 թ. Տրապիզոնի համալսարանի դասախոս Հիջաբի Ջընդըքի սպանությունը, 2005 թ. պրոֆեսոր Սադեթին Գյուների' երեքամյա որդու հետ սպանությունը, մի խումբ քրդերի նկատմամբ մահափորձը, 2006 թ. փետրվարի 6-ին ուսումնարանի 16-ամյա մի աշակերտի կողմից Սուրբ Մարիամ եկեղեցու հոգևոր հովիվ Սանտորոյի սպանությունը, ում անվտանգությունը պաշտոնապես պահպանվում էր տնօրինության կողմից:

 

Տրապիզոնի անվտանգության տնօրինությունը տեղյակ էր Դինքի սպանության գործով անցնող Էրհան Թունջելի մեղավոր լինելու մասին: Սակայն տնօրինությունը դա թաքցրել է' դարձնելով նրան իր գործակալը: 2006 թ. մայիսի 9-ին Աքյուրեքը նշանակվել է Տրապիզոնի անվտանգության տնօրինության հետախուզական վարչության պետ: Դինքի սպանությունը նախապատրաստվելու մասին նրան 17 զեկուցագիր է ներկայացվել: Լրագրող Նադիմ Շեներն իր հոդվածներում և գրքերում հիմնավորել է Դինքի սպանության գործում նրա ունեցած դերը:

 

Հրանտ Դինքի սպանությունից հետո Ռամազան Աքյուրեքը շարունակել է մնալ անձեռնմխելի: Այդ ընթացքում հանցագործության հետ կապված տեղեկությունների մեծ մասը թաքցվեց, հետախուզական վարչության համակարգիչներում եղած փաստաթղթերը ոչնչացվեցին: Աքյուրեքի մասին նման պնդումներից հետո նրան տեղափոխել են Հետախուզական վարչության նախագահություն և պաշտոնի նշանակել ոստիկանության գլխավոր տեսչությունում: Այնուհետև նշանակվել է Անվտանգության գլխավոր տնօրինության տեսչական խորհրդի նախագահ: Անցյալ հունվարին էլ Ռամազան Աքյուրեքին տեղափոխել էին Անվտանգության տնօրինության կենտրոնական գրասենյակ:

 

Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

 

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության է դատապարտվել, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

 

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել: