Դուշանբեում բացվել է ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ներկայումս նիստն ընթանում է նեղ կազմով, ինչից հետո կառավարությունների ղեկավարներին կմիանան պատվիրակությունների անդամները, և նիստը կշարունակվի ընդլայնված կազմով:
Նիստում քննարկվելու են ԱՊՀ-ի երկրների համագործակցության գերակա ուղղությունները:
Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Բելառուսի վարչապետները: Նիստում Թուրքմենստանը կներկայացնի նախարարների կաբինետի փոխնախագահը, իսկ Ուզբեկստանը՝ փոխվարչապետը: Նիստին հրավիրված է նաև Տաջիկստանում Ուկրաինայի դեսպանը:
ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել փաստաթղթերի 40 նախագիծ: Օրակարգի յուրաքանչյուր չորրորդ նախագիծ նպատակամղված է տնտեսական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: