ԱՄՆ-ի կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը 57 երկրներում հետեւում է մարդու իրավունքներին եւ միջազգային համագործակցությանը, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ կանցկացնի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, «Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակություն Ադրբեջանում» թեմայով անցկացվելիք միջոցառումը կենտրոնանալու է այն բանի վրա, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունն իր իրավական համակարգն օգտագործում կառավարությանը քննադատողներին հետապնդելու եւ ձերբակալելու համար:

 

Նաեւ Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախնական վերլուծություն է արվելու' գնահատելու համար դրանց ազդեցությունն այդ երկրի ապագայի վրա:

 

Այդ առնչությամբ հանձնաժողովի կողմից արված հայտարարության մեջ ասվում է. «Վերջին երկու տարիներին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այդ երկրում օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի շարունակական անկման մասին: Բազմաթիվ քաղաքացիական հասարակական կազմակերպություններ հարկադրված փակվել են իրենց առաջնորդների վրա ճնշումների եւ ձերբակալության սպառնալիքների պատճառով: Անկախ ԶԼՄ-ները լրջորեն սահմանափակել են իրենց գործունեությունը կամ փակվել: Ընդդիմադիր կուսակցությունները ենթարկվում են հալածանքների եւ հաճախ հեռացվում են ընտրական գործընթացից: Հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչները երկար ժամկետներով դատապարտվում են քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով»:

 

Բանավեճին մասնակցելու են Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, Միջազգային իրավական կենտրոնի փոխնախագահ Նատալիա Բուրժալին եւ Ադրբեջանում 7-7,5 տարվա ազատազրկման ենթարկված իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսների դուստրը' Դինարա Յունուսը:

 

Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի մասին լսումներ ԱՄՆ-ի Սենատում անցկացվել են նաեւ հոկտեմբերի 28-ին: «Մարդու իրավունքներն Ադրբեջանում ընտրությունների նախօրեին» թեմայով լսումները կազմակերպվել են սենատորներ Մարկ Քիրքի եւ Քրիս Քունսի, ինչպես նաեւ մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների նախաձեռնությամբ:

 

Լսումները կոչված են Ադրբեջանում ներկայիս քաղաքական մթնոլորտին գնահատական եւ պատասխաններ տալու հետեւյալ հարցերին' ի՞նչ են նշանակում նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում ժողովրդավարության ապագայի համար, մարդու իրավունքների ինչպիսի՞ խախտումներ են կատարվում, ի՞նչ ազդեցություն է գործում ժողովրդավարական արժեքներից Ադրբեջանի ակնհայտ հեռանալը, ինչպե՞ս կարելի է պաշտպանել մարդու իրավունքներն Ադրբեջանում եւ պահպանել երկրների միջեւ արժանավայել գործընկերությունը:

 

Քննարկումներին, որոնց անցել է ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ Դեւիդ Կրամերի համակարգմամբ, մասնակցել են Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ներկայացուցիչ Միրիամ Լանսկոյը, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տամարա Գրիգորեւան: