Ուրբաթ երեկոյան Փարիզում և Սեն-Դենիում՝ Stade de France-ի մոտ տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ, որտեղ անցկացվում էր Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների միջև ֆուտբոլային խաղ: 

 

 

Վերջին տեղեկություննով՝ ահաբեկիչների գրոհների հետևանով զոհվել է 128 և վիրավորվել 250 մարդ: 

 

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում հայտարարել է արտակարգ դրության և պետական սահմանների փակման մասին: Եռօրյա սուգ է հայտարարված: 

 

 

Թե ինչ են գրում բրիտանական առաջատար լրատվամիջոցները Փարիզի ահաբեկչության մասին` ՏԱՍՍ գործակալության տեսությունում: 

 

 

Financial Times

Փարիզի ահաբեկչությունների հետևանքներից մեկը կարող է դառնալ ուժերի ավելի ճշգրիտ կենտրոնացումը ԻՊ-ի վահաբիստներին պայթեցնելու վրա և միաժամանակ ուշադրության շեղումը դեպի երկրորդական նպատակակետեր, ինչպիսին է Ասադի՝ իշխանությունից հեռացումը: Ֆրանսիան, սակայն, այն երկրների շարքում էր, որոնք գլխավոր խնդիրն Ասադի մեջ էին տեսնում: Ասադի նկատմամբ քաղաքականության լիարժեք վերանայումը դժվար թե հնարավոր լինի առաջիկա շաբաթների ընթացքում: Ավելի հավանական է այն, որ այդ քաղաքականությունն առաջիկա ամիսներին կզարգանա այնքանով, որքան կընկալվեն դասերն ու խորը ցնցումը Փարիզի ահաբեկչություններից:

 

 

The Guardian

Այն ժամանակ, երբ չկային հետախուզական տվյալներ, որոնք ցույց էին տալիս, որ Մեծ Բրիտանիան գտնվում է ավելի մեծ ռիսկ պարունակող իրավիճակում, երկար ժամանակ պաշտատար անձինք մտավախություն ունեին, որ այստեղ (Մեծ Բրիտանիայում) տեղի կունենա հրեշավոր հանցագործություն՝ այնպիսի ձևով ու մասշտաբով, որը տեղի ունեցավ Փարիզում: Արդեն այս տարի Լոնդոնում ոստիկանությունը վարժանքներ անցկացրեց, որպեսզի փորձարկի, թե ինչպես պետք է պատասխանի զենքերով հարձակումներին երկրի մայրաքաղաքում: Վերջին վարժանքները տեղի են ունեցել Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակումից հետո: 

The Daily Telegraph

Ֆրանսիայի՝ ահաբեկչության գծով փորձագետները զգուշացրել են, որ երկիրը կանգնած է անխուսափելի հարձակումների առաջ՝ ինչպես երկրի ներսում «աճած» ահաբեկիչների, այնպես էլ այն զինված անձանց կողմից, ովքեր վերադարձել են Սիրիայի և Իրաքի պատերազմներից: Նրանց զգուշացումները չափազանց ճշգրիտ էին: Երկրի փողոցներում արդեն կա 7 հազար զինվորական՝ հունվարյան հարձակումներից հետո Փարիզում անցկացված Sentinelle պլանի շրջանակներում: Նրանց ներկայությունը նույնիսկ երեկ երեկոյան չկարողացավ կանգնեցնել ահաբեկիչներին: 

 

 

Independent

Փարիզի հարձակումները փաստում են այն մասին, որ «Իսլամական պետության» ռազմավարությունում փոփոխություններ են տեղի ունեցել: ԻՊ-ն ուզում է ցույց տալ, որ կարող է գործել աշխարհի տարբեր կետերում և ոչ թե միայն Իրաքի և Սիրիայի կենտրոնական մասերում: Եթե այս ահաբեկչության հետևում իսկապես կագնած են իսլամիստները, ապա դա նշանակում է, որ պետք է լրջորեն վերանայվի Եվրոպայի անվտանգությունը՝ մասնավորապես և աշխարհի անվտանգությունը՝ ընդհանրապես:  

 

 

The Times

Ի տարբերություն երգիծական շաբաթաթերթ Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակման, երեկ երեկոյան Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունը չի կարելի անվանել «անսպասելի»:  Օլանդի կառավարությունը մեկ անգամ չէ, որ զգուշացրել է` դա ժամանակի հարց է, որ ֆրանսիացի իսլամիստները կփորձեն հայրենիքում նոր ահաբեկչություն իրականացնել: Ընդ որում՝ երկրի հարյուրավոր քաղաքացիներ կռվում են ԻՊ-ի շարքերում՝ Իրաքում, իսկ ֆրանսիական քաղաքներում գործում են գաղտնի խմբավորումներ, ոստիկանությունը միայն այս տարում բազմիցս կանխել է հասարակական վայրերում նախատեսվող արյունահեղությունները: