Նոյեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում առաջին անգամ հանրությանը ներկայացվեց «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալի հիման վրա՝ սյուժետային փոփոխություններով, նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմը:

 

 

«Ֆիլմը բոլորին հայտնի «Որոգայթ» սերիալի ռիմեյքն է: Հերոսները հիմնականում նույնն են, իսկ պատմությունը նորովի է ներկայացված՝ մեր օրերի մասին է: Ֆիլմում լրացվել է սերիալում բաց մնացած մասը՝ Հովոյի երիտասարդությունը:

 

 

Ֆիլմը քրեական դրամա է, անձի պատմություն, ով ճակատագրի բերումով հայտնվում է որոգայթում ու փորձում դուրս գալ դրանից, և որքան շատ է փորձում դուրս գալ, այնքան ավելի է հայտնվում որոգայթում»,- ֆիլմի պրեմիերայից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը և հավելեց, որ վաղը Լոս Անջելեսում կլինի ֆիլմի պրեմիերան, ավելի ուշ այն կցուցադրվի նաև Մոսկվայում:

 

 

Ռոման Մուշեղյանը նշեց, որ ֆիլմի վրա հայկական կինոարտադրության մեջ բավական մեծ գումարներ են ծախսվել՝ 400 հազար դոլարից ավելի:

 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նշեց, որ միանգամից է համաձայնվել նկարահանվել ֆիլմում, քանի որ իրեն հետաքրքիր էր այդ դերը.

 

 

 

«Նման դեր դեռ չէի խաղացել: Կերպարը հետաքրքիր էր իր տեսակով, մարդկային հատկանիշներով և կենսագրությամբ: Ես չգիտեմ՝ ինչպես եմ խաղացել, հիմա կտեսնենք՝ ինչքանով է ստացվել»,- ասաց Խաչատրյանը և նշեց, որ տեղյակ չէ, թե սերիալում նախորդ դերակատարն այդ կերպարն ինչպես է մարմնավորել, բայց վստահ է, որ տարբեր են լինելու.

 

 

«Ինձ հետաքրքիր էր՝ ես ինչ կանեի այդ դերի հետ, քանի որ նախորդ դերակատարի հետ մենք տարբեր էինք և՛ արտաքինով, և՛ բնավորությամբ, և՛ մտածելակերպով»:

 

 

Ֆիլմի գխավոր դերասան Հարություն Մովսիսյանն էլ նշեց, որ Հովիկի կերպարում հանդես գալը բավական բարդ էր:

 

 

«Դժվար էր այդպիսի մարդու տեսակ խաղալ: Ես՝ որպես դերասան, ինձ համարում եմ շատ ճկուն, շուտ կողմնորոշվող, բայց Հովիկի պարագայում բարդ էր»:

 

 

Դերասան Գրիշա Աղախանյանն էլ խոստովանեց, որ միանգամից է համաձայնել խաղալ և կատակեց.

 

 

 

«Ես չհամաձայնվեի, մեկ ուրիշն էր խաղալու: Քանի որ իմ բոլոր դերերը եղել են ավելի երգիծական ժանրի, սա հետաքրքիր առաջարկ էր, առաջին անգամ դրամատիկ, լուրջ դեր էր: Մեծ փորձ է, ուրախ եմ, որ նման դեր առաջարկեցին»: