Հայաստանի ազգային արժույթը՝ ՀՀ դրամը 22 տարի առաջ մտավ գործածության մեջ և փոխարինեց ռուբլուն։ 10-ից մինչև 5000 դրամ անվանական արժեքով առաջին սերիայի թղթադրամները թողարկվեցին 1993 թվականի նոյեմբերի 22-ին: Ավելի ուշ՝ 1994 թվականին, շրջանառության մեջ մտավ 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, իսկ վերջին ամենախոշոր՝ 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամը թողարկվեց 1995 թվականին:

 

1997 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվեց 100 դրամ անվանական արժեքով «Չարենց-100» մետաղադրամը՝ պատրաստված պղինձ-նիկելի համաձուլվածքից: Հոբելյանական այս մետաղադրամը նվիրված է հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակին:

 

2001 թվականի հունիսի 6-ին թողարկվեց ՀՀ դրամաշրջանառության պատմության մեջ առաջին հոբելյանական թղթադրամը՝ 50.000 դրամ անվանական արժեքով՝ նվիրված Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին:

 

2002 թվականի հուլիսի 1-ին շրջանառության մեջ է դրվել 2001 թվականի նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որն իր ձևավորմամբ կրկնում է 1999 թվականի նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը և տարբերվում է միայն նոր պաշտպանական հատկանիշներով:

 

2003 թվականի հունվարի 1-ից շրջանառության մեջ են դրվել 20 դրամ անվանական արժեքով, իսկ մարտի 31-ից՝ 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով մետաղադրամները:

 

2003 թվականի հուլիսի 10-ից շրջանառության մեջ է դրվել 2003 թվականի նմուշի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը տարբերվում է 1999 թվականի նմուշի 5000 դրամանոց թղթադրամից նոր պաշտպանական հատկանիշներով: Սա հիմնականում պայմանավորված էր թղթադրամների դրամանենգության դեմ պաշտպանվածության աստիճանի բարձրացման անհրաժեշտությամբ:

 

2003 թվականի նոյեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվել 10.000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: Հետագայում թողարկվել են նաև 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի 2006 թվականի և 2008 թվականի նմուշները:

 

2004 թվականի դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրվել 2004 թվականի նմուշի 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը:

 

2007 թվականին շրջանառության մեջ է դրվել նոր նմուշի 20.000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը տարբերվում է նախորդից իր չափսերով և որոշ պաշտպանական հատկանիշներով:

 

2009 թվականի օգոստոսի 24-ից շրջանառության մեջ է դրվել 100.000 դրամ անվանական արժեքով թղթադրամը:

 

1993 թվականից մինչև 1995 տպագրված թղթադրամները շրջանառությունից հանվեցին 2005 թվականին։

 

Հայկական դրամի գրաֆիկական խորհրդապատկերը գծագրել է Կարեն Կոմենդարյանը 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի հայտնվելը։ 2001 թվականին նա գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա նաև փոխանցել է փաթեթի պատճենը Գարեգին Բ Կաթողիկոսին և նրանից օրհնություն խնդրում։ Այս ձեռնարկումներին հաջորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթը, որի արդյունքում ընտրվում են Կարեն Կոմենդարյանի և նկարիչ Ռուբեն Արտուչյանի առաջարկած տարբերակները։

 

2003 թվականին այդ գրանշանը ներառվում է 10.000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում։ 2007 թվականին գրանշանը հաստատվում է ազգային խորհրդանշանների ստանդարտների համակարգում։ Նույն թվականին Կարեն Կոսմենդարյանն այն ներկայացրել է նաև ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ ներառելու նպատակով։