Ինչպես գիտենք, ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր ՍԴ-ից հետ վերցրեց իր՝ ընտրությունները հետաձգելու մասին դիմումը, ինչը մամուլում և ընդհանրապես քաղաքական դաշտում բուռն քննարկման թեմա դարձավ: ԳԱԼԱ-ի լրագրողը այս թեմայի շուրջ զրուցել է ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի հետ, ով երևույթը որակելու համար նշել է, որ դրա մասին խոսելու համար նախ անհրաժեշտ է հայացք գցել ահաբեկչության վրա:
«Սկզբից ինչ-որ մի կաֆելագործ ահաբեկչության ենթարկեց Պարույր Հայրիկյանին, որից հետո Հայրիկյանը սկսեց քողարկված ահաբեկչության ենթարկել Սերժ Սարգսյանին: Այս վերջին շաբաթվա գործընթացը կարելի է որակել ահաբեկչություն ահաբեկչությունից հետո»,- նշել է ՀԱԿ անդամը: Galatv.am-ի այն հարցին, թե ի՞նչ նկատի ունի՝ ասելով, որ Հայրիկյանն էլ իր հերթին ահաբեկել է Սերժ Սարգսյանին, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է. «Վախեցնում էր, որ ինքը հիմա կդիմի ՍԴ, և այնպես է ստացվում, որ մեկ օրվա ընթացքում չորս-հինգ անգամ փոխում էր իր որոշումները. առավոտյան Հայրիկյանն ասում էր, որ ձեռքը ցավում է, պետք է դիմի, կեսօրին մամլո խոսնակն ասում էր՝ ցավերն անցան, չի դիմելու, ժամը չորսին ասում էին, որ սկսվեցին ցավերը, և պետք է դիմենք, երեկոյան ժամը իննին ասում էին՝ հավանական է, որ չդիմենք, որովհետև ցավերը մեղմացան: Եվ այսպես մեկ շաբաթ անընդհատ: Այս իրականության մեջ այն միակ մարդը, որ դա ցավալի էր տանում, ավելի ցավալի, քան թե ցավում էր Հայրիկյանի թևը, դա Սերժ Ազատիչն էր, որովհետև այս նախագահական ընտրությունները Անդրիաս Ղուկասյանի ֆոնի վրա սարսափի են վերածված»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Գուրգեն Եղիազարյանը:
Ըստ ՀԱԿ անդամի՝ այս պատմության մեջ ամենից կարևորն այն է, թե ինչի՞ համար եղավ այս ամենը: Ըստ նրա՝ սա նման է մի հանցագործության, երբ հանցագործը գալիս կրակում է զոհի վրա այնպես, որ լուրջ վնասներ չպատճառի, հետո տալիս է իր անձնագրի պատճենը և զենքի հետ անհետանում է՝ ասելով. «Ես կլինեմ այսինչ հասցեում»: «Կարող եմ բացարձակ մի բան ասել, ինչի համար պատասխան եմ տալիս՝ այս հանցագործության մասին լիարժեք կիմանանք միայն դատարանում»,-galatv.am-ի հետ զրույցը եզրափակել է ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Էմմա Պալյան