Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը՝ հարցվածների 52 տոկոսը, հանդես է գալիս Եվրամիության կազմից երկրի դուրս գալու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Independent թերթի համար ORB ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները:

 

Հաղորդվում է, որ նոյեմբերի 18-ին և 19-ին 2 հազար մարդու հարցում է կատարվել Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների ֆոնին, որոնք 130 մարդու կյանք խլեցին: Հարցման մասնակիցների 52 տոկոսը հանդես է եկել ԵՄ-ից դուրս գալու օգտին, 48 տոկոսը դեմ է արտահայտվել: Նշվում է, որ երբ ORB ընկերությունը համանման հարցում էր անցկացրել հունիսին, հուլիսին և սեպտեմբերին, հարցման մասնակիցների մեծամասնությունը դեմ էր արտահայտվել «բրեկզիտին»:

 

«Փարիզում կատարված ահաբեկչական գրոհներից հետո հասարակական կարծիքի փոփոխումը կդիտարկվի որպես անհանգստության արտացոլում փախստականների հետ կապված իրադրության հարցում»,- գրում է թերթը:

 

Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեն պետք է տեղի ունենա մինչև 2017 թվականի վերջը: Վարչապետ Դևիդ Քեմերոնն այն կարծիքին է, որ Բրիտանիայի շահերից է բխում ԵՄ-ի կազմում մնալը, բայց հանրակցության բարեփոխման պայմանով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: