Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը կործանելու հրահանգը տվել է ինքն' անձամբ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այս մասին Դավութօղլուն հայտարարել է իր գլխավորած' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նիստի ժամանակ:

 

 

Նա պնդել է, որ չնայած իրենց բազմաթիվ զգուշացումներին, ինքնաթիռը հատել է Թուրքիայի սահմանը, ինչից հետո թուրքական F-16 կործանիչը հարվածել է նրան:

 

 

«Ես եմ անձամբ Թուրքիայի զինված ուժերին հրահանգել, թե ինչ պետք է անել», -ասել է նա:

 

 

Դավութօղլուն ասել է, որ ռուսաստանյան ինքնաթիռ լինելու մասին իրենք տեղեկացել են միայն ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունից:

 

 

«Այդ միջադեպից հետո մենք մտադիր չենք խզել ՌԴ-ի հետ կապերը, խնդիրներ ունենալ: Ռուսաստանը մեր բարեկամն է, հարեւանը: Մեծ պետությունների հարաբերությունները չեն կարող զոհաբերվել միջադեպերի պատճառով: Ռուսաստանը մեր կարեւոր գործընկերն է եւ վերջին 13 տարում դարձել է այն երկրներից մեկը, որի հետ հարաբերությունները մենք շատ ենք կարեւորում», -ասել է թուրք վարչապետը:

 

 

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Երկու օդաչուներն էլ կատապուլտվել են:

 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել, որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»: