Հայաստանի անկախությունը հռչակվել է 1991թ., սակայն Սահմանադրությունն ընդունվել է միայն չորս տարի անց:

 

 

Դրա համար կային օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ. Ղարաբաղի պատերազմ, նոր էլիտայի ձևավորում, քաղաքական և տնտեսական նոր ինստիտուտների կայացում և այլն:

 

 

Ընդդիմությունը խորհրդարանում քանիցս բարձրացրել է Սահմանադրության ընդունման պահանջը, սակայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր շտապում' նույնիսկ բերելով Սահմանադրություն չունեցող Իսրայելի օրինակը:

 

 

Ի վերջո, սահմանադրական հանրաքվեն նշանակվեց 1995թ. հուլիսի 5-ին՝ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ: Սա Տեր-Պետրոսյանի պատմական սխալներից մեկն էր: Մի կողմից՝ Հիմնական օրենքը դարձավ իշխանություն-ընդդիմություն սուր առճակատման թիրախ, մյուս կողմից՝ «Այո»-ն ապահովելու համար՝ ՀՀՇ քաղաքական թիմը կոմպրոմիսի գնաց բյուրոկրատիայի հետ՝ գործնականում նահանջելով 88-ի գաղափարներից:

 

 

Այդ շրջանի ընդդիմությունը՝ ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն, Կոմկուսը, մեղադրում էին Տեր-Պետրոսյանին՝ Սահմանադրությունն իր քաղաքական շահերին համապատասխանեցնելու համար: Ինչևէ, ընդդիմությունն ու հասարակության մի զգալի մասը համարեցին, որ հանրաքվեն կեղծվել է՝ դրանով այդ ու մյուս բոլոր տարիներին ստվերելով հուլիսի 5-ի տոնականությունը:

 

 

Այնուամենայնիվ, այդքան քննադատված փաստաթուղթն առնվազն երկու անգամ՝ 1998թ. իշխանափոխության ժամանակ ու 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործոթյունից հետո, ապացուցեց իր կենսունակությունը:

 

 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ նախընտրական փուլում էր խոստանում բարեփոխել Սահմանադրությունը: Շատերը կարծում են, որ Հիմնական օրենքը դարձել էր Քոչարյանի «աչքի փուշն» այն պատճառով, որ նա դրա անտեսումով դարձավ երկրի նախագահ:

 

 

Քոչարյանը սահմանադրական փոփոխությունների առաջին փորձը ձեռնարկեց 2003թ. խորհրդարանական ընտրություններին զուգահեռ՝ իշխանություն-ընդդիմություն սուր հակադրության ֆոնին, երբ դեռ չէր «մարսել» նույն թվականի նախագահական ընտրությունների «հաղթանակը»: Նախագահի առաջին փորձը ձախողվեց:

 

 

2005թ. նոյեմբերի 27-ին՝ թեև տեղամասերում հատուկենտ ընտրողներ էին, հայտարարվեց, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվել են: Այդ օրերի ընդդիմությունն՝ այսօրվանի պես, բարոյալքված էր ու դիմադրել չկարողացավ:

 

 

Կառավարման կիսանախագահական մոդելը պահպանվեց, սակայն մեծացվեց խորհրդարանի դերը:

 

 

Գործող նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններ չէր խոստացել, սակայն դա նախաձեռնեց՝ շատերի կարծիքով, իր իշխանությունը վերարտադրելու նպատակով:

 

 

Սրանք, ըստ էության, ոչ թե փոփոխություններ են, այլ նոր Սահմանադրության ընդունում, որովհետև կառավարման նախագահական մոդելից անցում է կատարվում խորհրդարանականին:

 

 

Երեկ, հյուրընկալվելով «Ազատություն» ռադիոկայանին, անգամ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ակամա խոստովանեց, որ պասիվ ընտրարշավ է եղել: Հասարակությունը չմասնակցեց գործընթացին, էլ չասած' կոնսոլիդացիայի մասին:

 

 

Թերևս դա չխանգարի, որ ժամեր անց Հայաստանը դասվի խորհրդարանական կառավարում ունեցող երկրների շարքին:

 


Սուրեն Սուրենյանց