ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հավաստում է, որ հարուցված քրեական գործերի քանակն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար: «Մենք ունենք անհատապես կատարված հանցագործություններ, և քննության արդյունքում կպարզվեն՝ արդյո՞ք դրանք ունեցել են կազմակեպված բնույթ, թե՞ անհատական դրսևորման արդյունք են: Ընտրությունների արդյունքների վիճարկումը լրիվ այլ ընթացակարգ է, որը տրամագծորեն կապ չունի քրեական դատավարական ընթացակարգերի հետ»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով' այլ հարց է, որ այդ քրեական գործերի նյութերն օգտագործվեն կողմերից որևէ մեկի կողմից որպես ապացույցներ սահմանադրաիրավական կամ վարչական կարգով ընտրության արդյունքները վիճարկելու ժամանակ:
Ասուլիսի ժամանակ ներկայացվեց, որ նախորդ համապետական ընտրությունների' 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքին առնչվող իրավախախտումների վերաբերյալ հարուցվել է 13 քրգործ, որից 6-ն ուղարկվել է դատարան' մեղադրական եզրակացություններով, 6-ը կարճվել է, 1-ն էլ կասեցվել է:
ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել է 461 հաղորդում, որից 189-ի մասով այս պահի դրությամբ քրգործի հարցումը մերժելու որոշում է կայացվել, իսկ 14-ով քրեական գործ է հարուցվել: