Անկախությունից հետո կարելի է համարել լավագույն տարիներն է ապրում հայ հրաձգային սպորտը: Անկախության ձեռքբերման համար թանկ վճարեց հայ ժողովուրդը, որի պատճառով տուժեցին բոլոր ոլորտները, այդ թվում և սպորտը:

 

Անկախության ձեռքբերման և ամրապնդման տարիներին հրաձգային սպորտը, բառի բուն իմաստով, իրենց ուսերին էին կրում հայ հրաձիգները, ինչպիսիք էին Գագիկ Զոհրաբյանը, Հրաչյա Պետիկյանը, Զինաիդա Սիմոնյանը և այլք՝ փորձելով պահպանել հսկայական հրաձգարաններից ու զենք-զինամթերքից մնացած չնչին տոկոսը' պահպանել հրաձգային սպորտի վերականգնման վերջին հույսերը: 2008թ.-ին Համահայկական հիմնադրամի միջոցներով և Հ. Պետիկյանի ջանքերով շահագործման հանձնվեց «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը», որտեղ ներկայումս մարզումներ են անցկացնում մարզադպրոցի մարզիկներն ու ՀՀ հավաքական թիմը: 2010թ.-ին Հ. Պետիկյանը հանձնեց նորակառույց մարզադպրոցի տնօրինումը Ռոբերտ Հովսեփյանին, ապա 2011թ.-ին հրաժարվեց նաև Հայաստանի հրաձգության ֆեդարցիայի նախագահի պաշտոնից, և ֆեդերացիայի ղեկավարման գործընթացը ստանձնեց գործարար Արթուր Հովհաննիսյանը: Նրա ղեկավարման հենց առաջին իսկ տարվանից սկսվեցին հայ հրաձիգների նվաճումները:
2011-2015թթ. հայ հրաձիգները Ուկրաինայում և Քուվեյթում բազմիցս գրավել են 1-3-րդ տեղեր:

 

2012-2014թթ. վազող թիրախ ձևում Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան, Արթուր Պետրոսյան եռյակը, ապա Արթուրին փոխարինած գյումրեցի Հովհաննես Խաչատրյանը(2014թ.) Եվրոպայի և աշխարհի երիտասարդների առաջնություններում բազմիցս գրավել են թիմային 3-րդ տեղերը:

 

2014թ. -ին Եվրոպայի պատանիների առաջնության ատրճանակ ձևում չեմպիոն դարձավ Զավեն Իգիթյանը: Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերեցին և եզրափակիչ փուլում տեղ գտան Հրաչ Բաբայանն ու Զ. Իգիթյանը:

 

Նույն տարում Աշխարհի երիտասարդների առաջնությանը Հրաչ Բաբայանը գրավեց երկրորդ տեղը, վազող թիրախ ձևում Լիլիթ Մկրտչյանը նույնպես արժանացավ արծաթե մեդալի, իսկ Ռազմիկ Մինասյանը բրոնզի:

 

2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Լ. Մկրտչյանը վազող թիրախ ձևում դարձավ չեմպիոն, Հ. Բաբայանը Բաքվում կայացած Եվրոպական խաղերի հրացան ձևում սահմանեց ռեկորդ:

 

Այս հաջողությունները չէին գրանցվի եթե չլինեին ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի սրտացավ վերաբերմունքն ու անձնական ներդրումները, ֆեդերացիայի ղեկավար կազմի՝ փոխնախագահ Գ. Զոհրաբյանի, գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանի, մարզադպրոցների տնօրենների ու մարզիչներ Գագիկ Մելոյանի, Անդրանիկ Այվազյանի, Խորեն Իգիթյանի և այլոց քրտնաջան պարապմունքներն, անաչառ վերաբերմունքը և դժվարին պայմաններում ճիշտ որոշումների կայացումը: Հայաստանի հրաձգության ֆեդերացիան զուտ մեկ մարմին չէ, այն հրաձիգների ընտանիքն է, որտեղ միավորված են բոլորը՝ նեկայիս սպորտը զարգացնողները, նախկին հրաձիգները ֆեդերացիայի բարեկամները և մարզիկները: Զարգացման ճանապարհին ֆեդերացիան մեծ համբավ ու բարեկամներ է ձեռք բերել, եղել են նաև խոչընդոտներ:

 

ՀՀ-ում հրաձգություն մարզաձևը զարգանում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում» ՝ տնօրեն Ռոբերտ Հովսեփյան, Կրթության և գիտության նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոցում» և վեջինիս Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերում՝ ներկայիս տնօրեն Արմեն Հայրապետյան, նախկինում այն երկար տարիներ ղեկավարել է Գագիկ Զոհրաբյանը, «Գյումրու քաղաքապետարանի հրաձգության դպրոցում»՝ տնօրեն Համլետ Մկրտչյան և «Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության դպրոցում»՝ տնօրեն Գագիկ Զոհրաբյան:
Մարզադպրոցներ ընդունվում են 10-12 տարեկան աղջիկներն ու տղաները, առանց սեռական խտրականության և մարզվում են նույն զենքերով ու նույն մարզադահլիճներում: Հայաստանում հրաձգային սպորտն անշուշտ չէր կարող զարգանալ առանց վերոնշյալ նախարարությունների հատկացրած միջոցների, որոնց շնորհիվ մարզիկները մարզվում են բացարձակ անվճար հիմունքներով:

 

 


Լաուրա Ավետիսյան