Երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում էին և հաշված ժամեր էին մնացել նրանց բանակցություններին, Ադրբեջանը ձեռնարկեց հերթական դիվերսիոն գործողությունը, որը մեր կողմից կանխվեց՝ մեր բանակի մեկ և հակառակորդի երկու զինվորի մահվան գնով:
Ավարտվող շաբաթը հրադադարի հաստատումից հետո, արյունոտներից ու մահաբերներից մեկն էր՝ հակառակորդի կողմից ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ:
Այս ամենը հուշում էր, որ Սարգսյան-Ալիև հանդիպումն անպտուղ է լինելու՝ բանակցային գործընթացի առաջընթացի, հակամարտության կարգավորման բովանդակության տեսանկյունից: Այդպես էլ կա: Երկու նախագահների հանդիպմանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցուպատասխանը լրագրողների հետ: Դրանում «կարմիր թելի» պես մատնանշվում էր Բաքվի դեստրուկտիվ քաղաքականությունը: Եթե Սարգսյանն ու Ալիևն ինչ-որ բան պայմանավորված լինեին, այլ կլինեին նաև Նալբանդյանի շեշտադրումները:
«Կողմերի մոտեցումները մոտ չեն, չեն համընկնում»,- Նալբանդյանի երկար հարցազրույցում ամենաբովանդակայինն ու բանակցությունները բնորոշողը հենց այս նախադասությունն է:
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լավատես է, ու խոսում է Սարգսյան-Ալիև հանդիպման ավարտին բարձրացված բաժակաճառի մասին: Սակայն թվիթերյան գրառումը դիվանագետի ցանկությունների արտացոլումն է, որն անդառնալիորեն հեռու է իրականությունից:
Հակամարտության կողմերն ունեն տրամագծորեն հակադիր պատկերացումներ կարգավորման գործընթացի, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ և ռացիոնալ կոմպրոմիսը տեսանելի չէ: Համանախագահ երկրները չունեն ճգնաժամի հաղթահարման կոնկրետ դեղատոմս, նաև հակամարտության կողմերին զսպող գործիքակազմ: Տարածաշրջանում հասունանում է տևական լարվածություն՝ ռուս-թուրքական հակադրության տեսքով, ինչը բացասաբար է անդրադառնում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա: Էլ չասած՝ միջազգային հակադրության մասին, որն իր լոկալ դրսևորումն է ունենում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Սրանք իրողություններ են, որոնք չեն կարող անտեսվել պրակտիկ քաղաքականության տեսանկյունից: Ու առավելագույնն, ինչի շուրջ Բեռնում կարող էին պայմանավորվել Սարգսյանն ու Ալիևը՝ սահմանային լարվածության թուլացումն ու լայնածավալ պատերազմի վերսկսումը կանխելն է: Դա արդեն մեծ ձեռքբերում կլինի:
Բայց նույնիսկ այս հարցում' հոռետեսական զգացողություն կա. վտանգ, որ երկու նախագահների նոր հանդիպումը կարող է արդեն ժամանակավրեպ լինել:
Տա Աստված, Բեռնի հանդիպումը խաղաղություն բերի, բայց ականջներիս մեջ ավելի ուժգին են որոտում թնդանոթային հարվածները...:
Սուրեն Սուրենյանց