ffa.am Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր անակնկալ այցելություն կատարեց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Մխիթարյանի այցելությունը մեծ խանդավառություն առաջացրեց երեխաների շրջանում, որոնք բոլորն էլ ճանաչում և սիրում էին Հենրիխին, դիտում նրա մասնակցությամբ հանդիպումները, երկրպագում նրան և ուրախանում նրա հաջողություններով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մխիթարյանը սեղանի թենիս խաղաց երեխաների հետ, լուսանկարվեց գրեթե բոլորի հետ՝ շատերի հետ առանձին-առանձին և իհարկե՝ խմբով: Երեխաները սկսեցին վանկարկել Հենո, Հենո, Հայաստան, Հայաստան: Մինչ Հենրիխը կցանկանար շնորհավորել Ամանորի և գալիք Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, երեխաներն արտասանեցին Հայր Մերը, որին միացավ և Հենրիխը:

-Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ, որ միշտ առողջ լինեք, լավ մարդ դառնաք, կյանքում ունենաք շատ հաջողություններ և ապագայում կազմեք լավ ընտանիք, որպեսզի ձեր նման գեղեցիկ երեխաներ ունենաք»,- երեխաներին դիմելով՝ ասաց Մխիթարյանը:

Այնուհետև Հենրիխ Մխիթարյանը բոլոր երեխաներին հանձնեց նվերներ, իսկ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին՝ համակարգիչներ: Երեխաները խոստացան անպայման ֆուտբոլ նայել և խաղալ, իսկ ամենակարևորը՝ շատ կարդալ այդ համագարգիչների օգնությամբ:

Վերջում երեխաները ներկայացրեցին իրենց կողմից բեմադրված պարային համարներ: Ինչպես երեխաները, այնպես էլ կենտրոնի ղեկավարությունն ու անձնակազմը իրենց երախտագիտությունը հայտնեցին Հենրիխ Մխիթարյանին: Նրանք մի քիչ շփոթված էին Հենրիխի անակնկալից: