Գաղտնիք չէ, որ Հայաստանում ամենամեծ շուքով նշվող տոներից մեկն Ամանորն է: Սա մի տոն է, որին շատերն սկսում են պատրաստվել դեռևս ամիսներ առաջ. համապատասխան խնայողություններ են անում, այդ նպատակով փող հետ գցում:
Ու չնայած գրեթե համատարածաղքատությանը, որը թագավորում էՀայաստանում, ինչ ինքս ինձ հիշում եմ, ստացվել է այնպես, որ հայ ընտանիքների մեծամասնությունը, քիչ թե շատ, պատրաստված է դիմավորում այս տոնը: Սակայն մեր կողքին ապրում են մեծաթիվ մարդիկ, որոնց համար տոնական առատ սեղանները նույնքան աներևակայելի են, որքան ասենք, մեզ համար՝ ամենօրյա սեղանին կոկորդիլոսի թարմ միս ունենալը: Երևի տարվա որևիցե ժամանակահատվածում Հայսատանում տիրող սոցիալական անհավասարությունն այդքան ճչացող չի դառնում, որքան նոր տարուն: Այս ամենը տեսնելով՝ ակամա մտաբերում ես այն հարուստներին, որոնք թաթախված համադամ կերակուրների յուղի մեջ, հատկապես այս տոնին, այնքան շատ սնունդ են սպառում, որ կբավարարեր տասնյակ չքավոր ընտանիքներ կերակրելուն: Նման անտարբեր մարդկանց կողքին, սակայն, բարեբախտաբար, ապրում են նաև այնպիսիք, ովքեր անտարբեր չեն մնում կարիքավոր մարդկանց ցավի ու կարիքի նկատմամբ և ձեռք են մեկնում կարեցածին չափով:
Այդ մարդկանց անունները, թերևս, շատ լավ հայտնի են մեր հասարակությանը, ու չէինք ցանկանա կոնկրետ անուններ նշել՝ վստահ լինելով, որ այդ ամենը նրանք չեն անում հանրահռչակվելու նպատակով: Նման մարդկանց շնորհիվ է նաև, որ մեզ մոտ հույսի նշույլ է ծագում առ այն, որ մեր երկրում ամեն ինչ չէ, որ կորսված է, և լավագույնը դեռևս առջևում է: Իսկ նրանց, որոնք զբաղված են բացառապես սեփական փորոտիքը լցնելով ու չեն նկատում շրջապատի տառապանքն ու ցավը, խորհուրդ կտայինք սթափվել՝ հիշեցնելով, որ ոչ ոք այս աշխարհից իր հետ ոչինչ չի տարել և դուք նույնպես բացառություն չեք լինելու, հավատացեք մեզ…
Դավիթ Բաբանով