ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից 2015 թվականի ապրիլի 16-ին' ժամը 23:30-ի սահմաններում, կանգնեցվել է դեպի Գյումրի ընթացող «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է 9մմ տրամաչափի ինքնաձիգ, իսկ ուղևոր Էդգար Գ.-ի դեմքին առկա են եղել մարմնական վնասվածքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը' ժամը 19:00-ի սահմաններում, քաղաքացիներ Գոռ Բ.-ն, Հովհաննես Թ.-ն, Արա Գ.-ն և Ռուբեն Ս.-ն բռնության գործադրմամբ Սպիտակ քաղաքից առևանգել են իրեն, ցանկացել են տեղափոխել Գյումրի' Ռուբեն Գ.-ին ունեցած պարտքը չվերադարձնելու վերաբերյալ պարզաբանում կատարելու նպատակով:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի Արթիկի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի1-ին և 2-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հետագայում քրեական գործի նախաքննությունն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը:
Շուրջ 10 ամիս կատարված նախաքննությունից հետո գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ ևբազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն իցելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: