ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննություն է տարվում' պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։ 2016թ. հունվարի 14-ին, ժամը 19:30-ին, մահացած վիճակում, կոկորդում օտար մարմնի առկայությամբ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունք է տեղափոխվել 3 տարեկան տղա երեխա։ Փոքրիկի կոկորդից, բժշկական միջամտությամբ, հանվել է ճնշազրկված փուչիկ: Զուգահեռաբար բժիշկներն իրականացրել են վերակենդանացման հնարավոր միջոցառումները, սակայն դրանք արդյունք չեն տվել:

 

 

Ինչպես Mediamall.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ նախքան հիվանդանոց տեղափոխելը՝ երեխան տանը կուլ է տվել փուչիկ, որը հասել է շնչափող, փակել շնչուղիները, ինչից առաջացել է շնչարգելություն և բերել սրտի կանգի:

 

 

Երեխայի մարմնի արտաքին զննությամբ վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

 

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գորիսի քննչական բաժնում նախապատրաստվում է նյութեր: