Բանաստեղծ Անդրեյ Դեմենտևը նրան բնորոշում էր որպես կյանքին սիրահարված մարդ: «Նրա մեծ այնքան հումոր կար, այնքան մարդկայնություն, որ ինքը՝ երաժշտությունն էր ծնվում այդ բարությունից: Նա ուներ գեղեցիկի բնազդային զգացում»,- կոմպոզիտոր, դաշնակահար, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի մասին մի առիթով ասել էր ռուս ստեղծագործողը:
20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի գագաթներից մեկը հունվարի 22-ին Առնո Բաբաջանյանը կդառնար 95 տարեկան:
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Որոշ տվյալների համաձայն' Բաբաջանյան ավագը վկայականում փոխել է որդու ծննդյան օրը 1924 թվականի Լենինի մահվանից հետո, քանի որ հունվարի 21-ը դարձել էր ամենամյա սգի օր:
Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը Առնո Բաբաջանյանը գրել է 9 տարեկանում։ Նրա տաղանդը նկատել էր Արամ Խաչատրյանը:
1938 թվականին նա մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում Գնեսինների անվան երաժշտական ինստիտուտի վերջին կուրս։ Այնուհետև սովորում է Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում' դաշնամուրի դասարանում: 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։
Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում:
Նշանակալի է նաև նրա «Հայկական ռապսոդիա»-ն: Կոմպոզիտորի յուրահատուկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում: Գրել է երաժշտություն նաև «Առաջին սիրո երգը». «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլ ֆիլմերի համար:
Որպես դաշնակահար' Բաբաջանյանն աչքի է ընկել հատկապես սեփական ստեղծագործությունների կատարմամբ:
1991-ին Մոսկվայում, 1996- ին Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները: Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003 -ին կանգնեցվել է հուշարձանը:
Հայկական մշակույթի զարգացման գործում մեծ է Առնո Բաբաջանյանի դերը: Բաբաջանյանն իր ինքնատիպ ձեռագիրը թողեց երաժշտության պատմության մեջ: