Երբեմն լինում են պահեր, երբ այլևս անհնար է դառնում քողարկել այն իրականությունը,որից այլևս ոչ մի տեղ չես կարող փախչել:Եթե ուշադիր եք եղել,ապա նկատած կլինեք, որ մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձ էինք կատարել Հայաստանի տնտեսության՝ գունավոր մետաղների միջազգային գներից ունեցած վատառողջ կախվածության թեմային, որում հստակ վիճակագրական փաստեր մեջբերելով՝փորձել էինք ուրվագծել մեր երկրի տնտեսության այն տխուր ապագան,որը անխուսափելի կարող է լինել, եթե շարունակվի պղնձի համաշխարհային գների այն անկումը,որ նկատելի է հատկապես վերջին շրջանում: Պարզվում է՝ սույն խնդիրը հուզում է ոչ միայն զլմ-երին, այլև, պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ հայրենի կառավարությանը: Այսպես. երեկ՝ հունվարի 26-ին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարար Երվանդ Զախարյանը,անդրադառնալով վերոհիշյալ թեմային, իր խոսքում համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի գների անկումն իսկապես անհանգստացնող է որակել՝ընդգծելով, որ հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին շրջանում արձանագրվող դրսևորումները լուրջ դժվարություններ են ստեղծել նաև ոլորտի հայաստանյան ընկերությունների համար՝միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել հանքարդյունաբերությամբ զբաղվողներին՝հաղթահարելու բոլոր դժվարությունները։
Դատելով հնչեցված հայտարարություններից՝ պետք է եզրակացնենք, որ որքան էլ շատերիս համար անականկալ լինի,բայց սրանով կառավարությունը միանգամայն ադեկվատ է պատասխանում այն մարտահրավերին, որ ներկայումս ծառացել է Հայաստանի առաջ:Չնայած անամպ թվացող այս պատկերին,այնուամենայնիվ, մեզ մոտ ակամա մի մտավախություն է առաջ գալիս: Իսկ ի՞նչ, եթե հանքարդյունաբերությամբ զբաղվողները, փորձելով օգտվել ստեղծված իրավիճակից, կառավարությանը «հարկադրեն» իրականացնել այնպիսի միջոցառումներ,որոնք թեպետ ներկա պահին կարող են օգտակար լինել գործարարների համար,սակայն երկարաժամկետ առումով հակասել մեր ազգային շահերին: Այսինքն՝ շահարկելով միջազգային շուկայում ստեղծված բարդ իրավիճակը՝ տվյալ բիզնեսով զբաղվողները կարող են համոզել կառավարությանը այնպիսի զիջումների գնալ, ասենք հարկահավաքության մեջ, որի արդյունքում թեպետ տվյալ գործարանը էապես կարող է կրճատել իր վնասները, բայց չկարողանա ապահովել մեր երկրի բյուջեն համապատասխան դրամական միջոցներով: Կամ, ասենք, բարձրացվի աշխատակզմի աշխատավարձերի կրճատման անհրաժեշտության հարցը, ու կառավարությունը, չունենալով որևէ էական լծակներ՝ ազդելու գործարանների ղեկավարության որոշման վրա,աչք փակի նման խնդրի վրա.ինչ-ինչ,բայց թույլ տալ բանվորների աշխատավարձերի կրճատում ներկա սոցիալական պայմաններում, կարծում ենք, անթույլատրելի կիներ:
Սա, թերևս, ամենևին էլ չբացառված տարբերակ է, եթե մանավանդ հաշվի ես առնում հայաստանյան իրականությունը, ուր տնտեսական հարվածների հիմնական ծանրությունը ավանդաբար ընկնում է հասարակ ժողովրդի ուսերին:
Հուսանք՝ կառավարության կողմից խոստացվող միջոցառումների շրջանակում տեղ չեն գտնի այնպիսի բաներ,որոնք էապես կհակասեն մեր ժողովրդի կենսական շահերին՝ սրելով երկրում ստեղծված առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը:
Դավիթ Բաբանով