Հայկական բանակը խաղաղությունը պաշտպանող բանակ է, որի մասին են վկայում բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են բանակի հետ: Հայոց բանակի 24-ին տարեդարձին նվիրված տոնական համերգին ընդառաջ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: «Անկախ մեր ցանկությունից' մեր կյանքը հիմնված է մեր զինվորների մարտունակության ու զորության վրա: Մի առիթով' ասել եմ, որ մեր բանակը խաղաղապահ բանակ է, խաղաղություն պաշտպանող բանակ է, մարդասպան բանակ չէ, ոչ միայն մենք ենք վկայում դրա մասին, այլև նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են մեր բանակի հետ: Մեր մաղթանքն է, որ բոլորն ապահով, անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց ընտանքիներ խաղաղության պայմաններում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Բագրատ Սրբազանը:
Նրա խոսքով' բանակ-եկեղեցի կապը համակարգված կերպով գործում է, այդ է վկայում այն, որ այսօր ՀՀ Զինված ուժերում սպասավորություն են իրականացնում 40 հոգևոր ծառայողներ' գնդերեցներ: «Մեր հոգևորական տղաները թե առօրյա կենցաղային պայմաններում, թե առաջնագծում մեր զինվորների կողքին են, իրենց հետ տարվող հոգևոր խնամքի աշխատանքով, մշտապես քաջալերողի դիրքում են»,-նշեց Տավուշի հոգևոր առաջնորդը' հավելելով, որ, թեև հոգևորականների թիվը բանակում բավարար չէ, բայց այնտեղ ներկայացված են լավագույնները:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ բանակի օրը հայոց պետական տոնացույցի ամենապայծառ տոներից մեկն է համարում: «Հայկական բանակը 25 տարիների ընթացքում մեր նորանկախ պատմության ամենամեծ ձեռքբերում է: Եթե այսօր հանգիստ ենք, կառուցում ենք մեր պետությունը, եթե այսօր Արցախը անվտանգ է, մեր զինվորների, սպաների արիության ու կամքի արտահայտությունն է: Մեր բանակը իրոք ոգով շատ ուժեղ է և դա մեր ազգի, մեր ժողովրդի մեծագույն նվաճումն է»,-ասաց նախարարը' հավելելով, որ Հայաստանում ապրողներն ու սփյուռքի հայերը պետք է կանգնեն հայոց բանակի կողքին: Հրանուշ Հակոբյանը հատկապես շնորհավորեց զինծառայողների ծնողներին, ովքեր ջերմորեն սպասում են իրենց որդիների վերադարձին:
ՀՀ ՊՆ Սպայի տան զինվորական անսամբլի գեղարվեստական ղեկավար, Սպայի տան պետի տեղակալ, մայոր Արամ Գալստյանն էլ բոլոր զինվորներին ցանկացավ խաղաղ ծառայություն' նշելով, որ զինվորները լավ գիտեն խաղաղության գինը, առաջին հերթին, խաղաղ լինեն զինվորները, հզոր, քաջարի, դաստիարակված: «Բանակն ամեն տարի ոտքի է կանգնում, հզորանում: Առաջին տարին դեռ կազմավորման շրջանում էր, հիմա սպառազինությամբ, մարտունակությամբ ավելի հզորացման փուլ է, բայց դեռ անելիքներ կան»,-նկատեց զինվորականը: Նրա խոսքով' հունվարի 28-ը հանրապետական տոն է, քանզի չկա մի ընտանիք, որը բանակի հետ որևէ առնչություն չունենա: «Քանի որ ժողովուրդը բանակի կողքին է, տղաների մարտունակությունն ավելի է բարձրանում»,-հավելեց մայոր Գալստյանը: