Իրանը հնարավոր ամեն ինչ պետք է անի՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստեղծված լարվածությունը թուլացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին IRINN հեռուստաալիքի եթերում՝ ելույթ ունենալով «Ֆաջր» տասնօրյակի (փետրվարի 1-11) ս կսվելու կապակցությամբ, որն ավարտվում է 1979 թվականի իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարությամբ:

 

 

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի հետ և շատ ենք ափսոսում, որ ճգնաժամ է ստեղծվել երկու երկրների փոխհարաբերություններում: Այժմ մենք հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ լարվածությունը թուլանա»,- ընդգծել է Իսլամական Հանրապետության նախագահը: «Իրադրության հետագա բորբոքումը չի համապատասխանում ո՛չ այս, ո՛չ այն պետության շահերին»,- հավելել է Ռոուհանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: