Ֆրանսիայի Նիս քաղաքում այս տարի Սուրբ Ծնունդը Սուրբ Աստվածածին եկեղեցում (հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը ոչ առաքելական հռչակեց Նիսի առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին) անցել է բազմամարդ։ Արարողությանը ներկա էր գտնվել 300 հայ, իսկ պատարագը մատուցել էին կարգալույծ դարձած հոգևորականներ, այդ թվում՝ 2011 թվականի հունիսին Շվեյցարիայի հայ համայնքի կարգալույծ հոգևոր հովիվ Տ. Աբել քահանա Մանուկյանը, Մոսկվայից Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը, ով ժամանակին Ռուսաստանի թեմի առաջնորդն էր, որին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 2000 թվականին կարգալույծ արեց, և Արմավիրի թեմի հոգևոր սպասավոր, 2009-ին կարգալույծ եղած Տ. Մխիթար քահանա Սարիբեկյանը և դարձյալ կարգալույծ հռչակված Նիսի և Կոտ Դ’ազուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Սահակ քահանան:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեր Սահակ քահանան ասաց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակված հոգևորականները միավորվում են և արդեն կազմակերպել են առաջին ժողովը, որին քսանչորս կարգալույծ հոգևորականներ են մասնակցել, սակայն մանրամասներ, թե որտեղ են ժողով կազմակերպել, և ովքեր են ներկա եղել, առայժմ քահանան չշտապեց հաղորդել: Նա նշեց, որ մինչև հիմա տասնչորս տարվա ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ են հռչակվել ավելի քան 100 հոգևորականներ:

Ըստ տեր Սահակի՝ կարգալույծ անելու հիմնական պատճառն այն է, որ մարդիկ չեն ուզում համակերպվել տիրող իրավիճակին, ըմբոստանում են, կարծիք են արտահայտում: «Տեսեք, տեր Վաչեն այդքան հանցանքներ ունի և կարգալույծ չի եղած մինչև հիմա, եթե դու հանում ես անմեղներին, ինչու ես մեղավորներին պահում»,- հավելեց տեր Սահակը:

Հարցին, թե հնարավո՞ր է պահանջեն նաև կաթողիկոսի հրաժարականը, տեր Սահակը պատասխանեց. «Մի քանի օր առաջ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հրաժարական տվեց, 21-րդ դարում Հռոմի Պապը հրաժարական է տալիս, իսկ առողջականը դա պատրվակ էր, և, եթե հիշում եք, Հովհաննես Պողոս 2-րդն ավելի հիվանդ էր և նա հրաժարական չտվեց: Դրա համար ամեն ինչ հնարավոր է, և եկեղեցու մեջ եղել են տարբեր միջադեպեր, երբ կաթողիկոսը հրաժարվել է կամ իրեն հրաժարվել են տվել»:

Առաջին ժողովին թեև մասնակցել են 24 կարգալույծ արված հոգևորականներ, հնարավոր է, որ երկրորդ ժողովի ժամանակ նրանց թիվն ավելանա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարյուրից ավելի կարգալույծ հոգևորական կա:

«Երբ կաթողիկոս դարձավ, առաջին օրը տեր Հակոբին և տեր Գրիգորին կարգալույծ արեց, երկրորդ օրը՝ Ներսես արքեպիսկոպոսին։ Այս մարդը նման հարցեր կարող է միայն լուծել, ընտանիքներ քայքայել, որովհետև քահանաներն ընտանիքներ ունեն, և երբ կարգալույծ են անում, մարդու կյանքը խաթարվում է: Նա չափն անցել է կարգալուծությունների թվով»,- հավելեց տեր Սահակը: