ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Մեզ հետ զրույցում Վազգենաշենի գյուղապետ Անդրանիկ Բաբայանը որոշ մանրամասներ ներկայացրեց դեպքի վերաբերյալ: Ըստ այդմ՝ դեպքը տեղի է ունեցել գյուղից բավականին հեռու գտնվող արոտավայրում:

 

Գյուղապետի խոսքով՝ գյուղի տարածքում նման դեպքեր գրեթե չեն լինում. «Դեպքերը հիմնականում տեղի են ունենում այդ արոտավայրում, շփման գծին մոտ»:

 

Ա. Բաբայանը բացառեց, որ հովիվը կարող էր սահմանը հատել. «Դա բացառվում է, մեր զինվորներն այնտեղ են, դա թույլ չէին տա»:

 

Հովիվ Հակոբ Համբարձումյանն ամուսնացած էր, երկու դուստրերի հայր էր: Ամուսնացած էր, ուներ երկու աղջիկ, որոնք ամուսնացած են: Դե ջահել էր, ի՞նչ ասեմ: Նման դեպք էլի եղել էր, տրակտոր էր պայթել ականի վրա, ի՞նչ ասեմ»,- ավելացրեց գյուղապետը:

 

Ավելացնենք, որ ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերն արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց: