Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը աշխատանքային հանդիպում է անցկացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Առաջին հերթին, Ռուսաստանի վարչապետը նրան հաջողություններ է մաղթել նոր պաշտոնում, որը Սարգսյանը զբաղեցրել է այս ամսվա սկզբին, տեղեկացնում է «ТВ Центр»-ը:
Զրույցի ընթացքում Դմիտրի Մեդվեդևը առաջարկել է խորհրդի նոր կազմի հետ կանոնավոր շփումներ հաստատել, այդ թվում՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով: Վարչապետը նաև կոչ է արել համատեղ ջանքերով դժվար տնտեսական իրավիճակներից ելք փնտրել: Մասնավորապես, լուծել Ուկրաինայի տարածքով ռուսական ապրանքների տարանցման խնդիրը:
«Մեզ համար շատ կարևոր է խորհրդի նոր կազմի հետ լիարժեք աշխատանք հաստատելը, որպեսզի լուծենք այն խնդիրները, որոնք այժմ արդիական են: Մեզ մոտ խնդիր է ծագել Ուկրաինայի հետ՝ Ուկրաինայի տարածքով մեր բեռների փոխադրման հետ: Մենք ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել, այս ամենը նույնպես ընկնում է հարցերի տակ, որոնք պետք է համաձայնեցվեն Եվրասիական տնտեսական միության ձևաչափով», - ասել է Դմիտրի Մեդվեդևը: