Այսօր լրատվությամբ կարդացի մի սարսափելի միջադեպի մասին, թե ինչպես Շիրակի մարզում աղջկա համար տեղի ունեցած վիճաբանության պատճառով մի քաղաքացի մյուսի ականջն էր կտրել: Հասկանու՞մ եք՝ սա պարզապես ծեծ չէ, ոչ էլ աֆեկտի մեջ գտնված պահին կատարված ինչ-որ գործողություն, սա գիտակցված դաժանություն է, որը բնորոշ է միգուցե վաղմիջնադարյան բարքերին: Սա իր հերթին ինչ-որ չափով ցույց է տալիս, մեր հասարակության քաղաքակիրթ լինելու աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը: Մենք այսօր անընդհատ խոսում ենք փոփոխությունների մասին, ավելի լավ կյանք ենք պահանջում, ուզում ենք քայլել քաղաքակիրթ աշխարհին համընթաց, բայց մեր հասարակության մեջ դեռ կան խավար միջնադարին բնորոշ դրսևորումներ: Մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղին, ցանկանում ենք ստեղծել մի հասարակություն, մի համակարգ, որտեղ մարդու իրավունքները և արժանապատվությունը կլինեն պաշտպանված, սակայն պատրաստ ենք կենցաղային ինչ-որ վեճի կամ անձնական խնդիրների պատճառով նույնիսկ բառացի անդամահատել միմյանց: Մենք դեռ չենք կարողացել ձերբազատվել վայրենությունից…
Կարո՞ղ ենք այսօր մենք հպարտանալ մեր արժեհամակարգով. իհարկե, ոչ, որովհետև մեր արժեհամակարգի բաղկացուցիչ մասերից են փողոցում, հասարակական վայրերում միմյանց վրա գոռալը, կոպտելը, հայհոյանքով խոսելը, անծանոթներին «Դու»-ով ու ոչ քաղաքավարի ձևով դիմելը, գետնին թքելը, աղբը գետնին նետելը և այլ նման երևույթներ: Եթե մենք անհրաժեշտ քաղաքակրթության մակարդակ չենք կարողանում ապահովել նույնիսկ մեր առօրյա գործնական շփումներում, մասնագիտական ու քաղաքական թեմաներով բանավեճերի ժամանակ, պատրաստ ենք պիտակավորել ու վիրավորել բոլոր՝ մեր կարծիքը չկիսողներին, այլ ձևով մտածողներին, ապա զարմանալի չէ, որ հանրապետության մեկ այլ անկյունում, գյուղերից մեկում կենցաղային ու անձնական վեճի պատճառով մարդիկ կարող են իրար ականջ կտրել:
Հիմա կասեք, թե ամեն հարցում մեղավոր են միայն իշխանությունները, և պետք չէ մեղքը բարդել հասարակության վրա: Իրականում խնդիրը բոլորիս մեջ է, նաև իշխանությունների, որոնք նույն հասարակությունից սերված են, նույն արժեհամակարգի կրողը: Այսօրվա գետնին թքողն ու փողոցում աղբ նետողը վաղը կարող է դառնալ պաշտոնյա և նույն ձևով վերաբերվել իր պարտականություններին:
Այսինքն՝ ցանկացած համակարգային փոփոխության ձգտելուց առաջ մեզ նախ պետք է արժեհամակարգային փոփոխություն, որպեսզի համակարգայինը հետո արդյունավետ լինի: Պետք է վերջապես քաղաքակրթվենք: Յուրաքանչյուրը կարող է սկսել իրենից, իր շրջապատից, իր ոլորտից:
Կարեն Վարդանյան