Փետրվարի 18-ը եզդիական տոնացույցում նշվում է որպես «Հարության» տոն: Եզդի ժողովրդի տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղ, որտեղ բնակվում է 2015թվականի դեկտեմբերի 18-ին հերոսաբար զոհված ժամկետային զինծառայող Սիդար Ալոյանի ընտանիքը:

 

 

Արժևորելով «Արիության համար» մեդալի ասպետի սխրանքը և իր խորին երախտագիտությունը հայտնելով քաջարի մարտիկին դաստիարակած ընտանիքի անդամներին, պաշտպանության նախարարն ընդգծեց, որ հայ և եզդի ժողովուրդների եղբայրությունը և համագործակցությունը դարերի պատմություն ունի և այդ եղբայրության լավագույն դրսևորումն այսօր՝ հայրենյաց սահմանների պաշտպանության ժամանակ հայ և եզդի զինծառայողների ցուցաբերած արիությունն ու անձնվիրությունն են:

 

 

Շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին այցելության համար և ընգծելով, որ զավակի կորուստը խոր վիշտ է պատճառել իրենց՝ Ալոյանների ընտանիքի անդամները հավաստիացրեցին, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի նմանաբնույթ այցելությունները սփոփում և մխիթարում են:

 

 

Սեյրան Օհանյանը հավաստիացրեց զոհված զինծառայողի հարազատներին, որ առաջիկայում պաշտպանության նախարարությունը կանի հնարավոր ամեն ինչ, Ալագյազ գյուղում Սիդար Ալոյանի հիշատակը հավերժացնելու համար: