Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին և նշեց, որ ինքը երկար տարիներ ճանաչում է Արման Թաթոյանին և հորդորեց մի փոքր սպասել, որից հետո միայն կտեսնենք Թաթոյանի՝ իրապես տարբերվող որակները՝ մարդկային, մասնագիտական և պրոֆեսիոնալ առումով։ 

 

ԼՈւՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ նախարարն ասաց. «Նա իրապես պրոֆեսիոնալ, գործին տիրապետող, և, որ շատ կարևոր է, իրապես սրտացավ մոտեցող և իր գործունեության մեջ միայն կատարողի ձևաչափով հանդես չեկող, առաջարկություններ ներկայացնող, մտահոգություններ բարձրացնող և նաև խիստ մասնագիտական մոտեցումներ և լուծումներ առաջարկող մարդ է»:

 

Հարցին, թե Թաթոյանը իշխանության թեկնածուն է, ինչպե՞ս է կարողանալու անկաշկանդ աշխատել, տիկին Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․

 

«Իշխանությունների թեկնածուն է, իշխանությունների թեկնածուն չէ, պիտի թույլ տալ մարդուն աշխատել։ Առաջադրել է Հանրապետական խմբակցությունը, բայց դա դեռևս ոչինչ չի նշանակում:

 

Ուզում եմ Ձեզ ասել՝ բացարձակապես ճիշտ չէ, որ այն մարդիկ, ովքեր նրա գործընկերը պետք է լինեն, իսկ դա լրագրողներն են, ի սկզբանե այդպիսի վերաբերմունք ցուցաբերեն։ Որևէ մեկդ դեռևս չեք տեսել, որ նա անի ինչ-որ հակառակ բան կամ չանի այն ու չարդարացնի այն ակնկալիքներն ու սպասումները, որ դուք ունեիք․․․»։