Երեկ՝ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, որոշում ընդունվեց թույլատրել Համաշխարհային բանկից վարկ վերցնել և դրանով մարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլէներգիա արտադրողների նկատմամբ կուտակած պարտքերը: Ստացվում է՝ ՀԷՑ-ի պարտքերը կրկին մարում են հարկատուների և սպառողների հաշվին: Տարօրինակն այն է, որ կառավարությունը չհրապարակեց վարկի չափը և այլ մանրամասներ: Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանի հետ։

 

- Արթուր, ստացվում է՝ կառավարությունը կրկին սպառողների և հարկատուների հաշվին պատրաստվում է մարել ռուսական մասնավոր ընկերության՝ ՀԷՑ-ի կուտակած պարտքերը։ Ի՞նչ կասեք այս առումով:


- Փող է պետք, պատճառ են ման գալիս։ Տեսնում են, որ ինչ անում են, անցնում է, դրա համար հիմա էլ վարկ են վերցնում։ Մենք մեր ժողովրդին զգուշացնում էինք, որ այս ամենը դեռ շատ երկար է շարունակվելու, ուրիշ բաներ էլ են լինելու։ Կոնկրետ սեպտեմբերի 11-ին երկրորդ շանս կար. Բաղրամյանը փակեցինք, ուղղակի ժողովուրդը երևի մատերի արանքով էր նայում այս հարցին կամ որոշակի լուծումներով բավարարված էր: Մենք ժամանակին զգուշացնում էինք, որ վատ ազդեցություն է ունենալու, որ իրենք անընդհատ խաբելու են։ Մեզ չլսեցին։ Իսկ հիմա անում են այն, ինչը մենք ժամանակին զգուշացնում էինք։

 

- «Ոչ թալանինը» որևէ քայլ ձեռնարկելո՞ւ է։


- Մենք չենք կարող ինչ-որ բան ստեղծել։ Պետք է ժողովրդի համատարած դժգոհության ալիք լինի։ Ճիշտ է՝ հիմա կան բողոքներ՝ հոսանքի հաշվիչների հետ կապված, բայց դրանք մասնավոր են։ Բայց եթե լինի համատարած բողոքի ալիք, մենք էլ հրապարակ կլցնենք, այլ քայլերի կգնանք։ Այս պահին մենք չենք տեսնում այդ մասսայական դժգոհությունը, որը կարող է ժողովրդին փողոց հանել։

 

- Իսկ դուք չե՞ք կարող ինքներդ ստեղծել այդ համատարած բողոքի ակցիաների ալիքը, հանրահավաքների, քաղաքացիական անհնազանդությունների միջոցով, մարդկանց բացատրեք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սա։ Մարդիկ փողոց դուրս չե՞ն գա։


- Ես էլ եմ զարմանում, թե ինչու են մարդիկ անտեսում այս հարցը։ Բայց պետք է փաստն արձանագրենք։ Կամ միգուցե մարդիկ արդեն հոգնել են տարբեր քաղաքական ուժերից, այնքան խոստումներ են տրվել, ձախողվել են։ Մարդկանց մոտ հիմա համատարած հիասթափություն է տիրում։ Չգիտեմ՝ նորից կլինի Բաղրամյանի շարժման նման շարժում։ Անպայման չէ՝ ամեն անգամ մենք անենք, կարող է մեկ ուրիշ խումբ բողոքի ակցիաներ անել։ Մենք հոսանքի հարցը չենք սեփականացրել։

 

- Պարզապես հոսանքի հետ կապված ցանկացած հարց ասոցացվում է ձեր նախաձեռնության հետ՝ որպես որոշակի հաջողության հասած քաղաքացիական նախաձեռնություն:


- Այո, հասկանում ենք, ուղղակի այնպես չէ, որ անընդհատ պետք է սպասեն մեր քայլերին։ Ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի։ Հասկանում եք՝ ժողովուրդը սովորել է արդեն, վարկ վերցնելը, ցավալի է, բայց սովորական է դարձել։ Պետք է ավելի ուժեղ ինչ-որ բան լինի, որ մարդկանց հանի փողոց։ Ես չեմ մեղադրում, մեր ժողովուրդն արդեն զզվել է։

 

Քրիստինա Աղալարյան