Շների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» թիմը փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, քաղաքապետարանի դիմաց կանցկացնի բողոքի մեծ ակցիա։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Դինգո» թիմի կոորդինատոր Գոհար Մանուշակյանը նշեց, որ իրենք բողոքի ակցիայով փորձում են մի քանի խնդիր լուծել։

 

 

«Մեր ակցիայով փորձում ենք լուծել այն խնդիրը, որ գիշերները կենդանիներին չսպանեն, դիակներն այդպես չթողնեն, հետո երեխաները առավոտյան տեսնեն։ Փորձում ենք լուծել, որ առհասարակ կենդանիներին չսպանեն, որովհետև ոչ ոք իրավունք չունի որոշելու՝ որ կենդանին պետք է ապրի, որը՝ ոչ։ Բողոքը «Յունիգրաֆ»-ի դեմ է լինելու։ Ընկերությանը, որին տարեկան 10 մլն դրամ է բյուջեից հատկացվում՝ կենդանիներին ստերիլիզացնելու և պատվաստելու համար, սակայն բոլորին տանում են անխտիր՝ տերով-անտեր վերացնում են։ Բողոքը նաև լինելու է նրա համար, որ «Յունիգրաֆ»-ն իրավունք ունի աշխատելու միայն Երևանում, այն դեպքում, երբ Երևանից դուրս ևս տանում են և վերացնում շներին։ Բողոքը լինելու է նաև, որ օրեր առաջ մոտ 100 շուն է պատվաստվել, ստերիլիզացվել, անվտանգ են եղել, որից հետո դրանցից ևս վերացվել են»,- ներկայացրեց Գոհար Մանուշակյանը։

 

 

 

 

Նրա խոսքով՝ իրենց բողոքն ուղղված է նաև քաղաքապետարանի և ոստիկանության դեմ։ «Այդ խնդիրների հետ կապված՝ անընդհատ ահազանգում ենք, շատ լկտի վերաբերմունք են ցուցաբերում։ 1։02 ենք ահազանգում և ասում, որ բնակելի վայրում զենք են օգտագործում, մեզ ասում են, եթե շուն են սատկացնում, ճիշտ են անում, կարելի է։ Այնինչ օրենքով բնակելի վայրերում ոչ մի տեսակի զենք օգտագործել չի թույլատրվում։ Մեր հարցին՝ իսկ եթե մարդո՞ւ կպներ, ոստիկանության աշխատակցուհին մեզ լկտիաբար պատասխանում է. «Հա, բայց ոչ մեկի չի կպել, չէ՞, ի՞նչ եք հուզվել»։ Հա, մենք հուզվել ենք։ Ի՞նչ է ստացվում՝ պետք է մարդ վիրավորվե՞ր, որ իրենք սկսեին իրար գա՞լ»,- նշեց մեր զրուցակիցը։

 

 

 

 

«Դինգո» թիմի կոորդինատորի կարծիքով՝ չի կարող թափառական շուն չլինել, քանի որ որոշ ժամանակ հետո քաղաքում առնետներից ազատվել չի լինի. «Սխալ է, որ շներ չլինեն։ «Յունիգրաֆ» ընկերությունը պետք է ստերջացնի, պատվաստում անի, բայց իրենք բոլորին վերացնում են, կապ չունի՝ տան շուն է, տերով շուն է, թե անտեր։ Սեփական տան բակում շունը դուրս է գալիս՝ գալիս կրակում են, սպանում են։ Հետո էլ ասում են՝ շանը տանը պահեք»։

 

 

 

 

Գոհար Մանուշակյանը նաև տեղեկացրեց, որ իրենք բողոքելու են կենդանի պահելու համար 5000 դրամ հարկ մուծելու որոշման դեմ։ «Ու՞ր է գնում այդ փողը։ «Յունիգրաֆի» աշխատակիցների աշխատավարձն ուզում են կենդանասերների միջոցով հավաքել: Ոչ մի այգի կամ տարածք չկա՝ շներին ման տալու համար։ Մենք մեր շներին ման տալու համար սկզբից դուրս ենք գալիս, խոտերի միջից պահպանակները, ներարկիչները, շշերը հավաքում ենք, որ կարողանանք անվնաս ման տալ։ Իսկ իրենք գումար են հավաքում, չգիտեմ՝ ինչի համար։ Էդ կենդանիներն ապրում են մեր հաշվին, մեր տանը, ես եմ իրեն բուժում, ես եմ իրեն կերակրում»,- ասաց Գ. Մանուշակյանը։

 

 

 

 

Վերջինս հավելեց՝ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայից հետո իրենք երթով շարժվելու են դեպի կառավարություն, քանի որ կառավարության դիմաց նախորդ բողոքի ակցիայի ժամանակ խոստացել էին կենդանիների վերաբերյալ օրենք ստեղծել, սակայն դեռ ոչ մի քայլ չի կատարվել։

 

 



Քրիստինա Աղալարյան