2017թ. խորհրդարանական ընտրություններին մնացել է 409 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնել է «6000 վստահված անձ» նախագիծը, որի նպատակն է կանխել ընտակեղծիքները:

 

Կուսակցությունը մտադիր է երեքական ներկայացուցիչ ունենալ հայաստանյան բոլոր՝ շուրջ 2000 տեղամասում: «Քաղաքացիական պայմանագիրն» իրատեսական է համարում կանխել կեղծիքները՝ 6000 վստահված անձանց միջոցով ու ընտրություններով հասնել իշխանափոխության։

 

ԼՈՒՐԵՐ.com-ը նախաձեռնության մասին զրուցել է պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ. «Կարծում եմ՝ շատ լավ նախաձեռնություն է, բայց ես շատ իրատեսական չեմ համարում: Շատ դժվար է գտնել 6000 անաչառ ապաքաղաքականացված մարդ, ովքեր առաջնորդվում են զուտ այդ երկրի շահերով և այդ երկրի շահերի հիմնական պաշտպան դիտարկում են մեկ քաղաքական ուժի:

 

Նրանք կամ պետք է լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նվիրյալ անդամներ, կամ պետք է լինեն մարդիկ, որոնք այս կամ այն քաղաքական թիմի նկատմամբ ունեն իրենց դրական կամ բացասական վերաբերմունքը:

 

Հետևաբար, 6000 մարդը մեկ թիմի համար բարդ է»:

 

Լրագրողի այն դիտարկմանը, որ նախաձեռնությանը միանալու համար հարկավոր չէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելը, և որ պատգամավորն ինքն էլ կարող է իր թիմով միանալ նրանց, Սարգսյանն ասաց. «Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե նախընտրական ինչ թիմեր կձևավորվեն, և թե որ թիմում կլինեմ ես: Չեմ կարծում, որ ընդդիմադիր ուժերի կողմից այդ միավորումն այդքան հեշտ տեղի կունենա, քանի որ ամեն մեկն ունի իր ամբիցիաները և ակնկալել ավելին, մի փոքր բարդ է: Ես համարում եմ, որ նույնիսկ 2000 մարդ էլ, եթե գտնեն, արդեն լավ է»: