Ազգային ավանդական կարատե-Դո Ֆուդոշին ասոցացիան նոր նախագծեր է սկսում: Նախագծերից առաջինի շրջանակներում ասոցացիան մարզումներ է իրականացնում տեսողություն խնդիրներ ունեցող երեխաների հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ասոցացիայի նախագահ Սերգեյ Խաչատրյանը:
«Մեկ տարի նախապատրաստվել ենք՝ ծրագիրն իրականացնելու համար: Արդեն երկու շաբաթ է, ինչ սկսել ենք մարզումները: Փորձեցինք և տեսանք, որ ստացվում, քանի որ մեր մարզիչները հատուկ պատրաստություն են անցել: Տեսողության հետ կապված խնդիրները չեն խանգարում երեխաներին ինքնապաշտպանություն սովորելուն: Դեռևս կա 25 մասնակից: Կարծում եմ, սակայն, որ երեխաների քանակը կավելանա, որովհետև ցանկացողները շատ են»,- հավելեց ասոցիացիայի նախագահը:
Հավելենք, որ մարզումներն իրականացվում են շաբաթական երեք օր:
Անդրադառնալով այլ նախագծերի իրականացմանը՝ ասոցացիայի նախագահը հավելեց. «Մեր ֆեդերացիան ակցիայի շրջանակներում պատրաստվում է անվճար դասընթացներ անցկացնել նաև աուտիզմով հիվանդ երեխաների, լսողական խնդիրներ ունեցողների, ինչպես նաև մանկատների և գիշերօթիկ դպրոցների երեխաների հետ»:
Բացի վերոնշյալ նախագծերից, Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ իրականացվում է նաև «Հայ զինվորի կողքին» ակցիան, որի շրջանակներում հարյուրից ավելի մարդ արյուն է տվել հայ զինվորներին:
«Վիրուսների պատճառով հունվար-փետրվար ամիսներին դադար էինք տվել, սակայն մարտից կրկին կսկսենք ծրագիրը և ամեն ամիս կրկին կիրականացնենք այն»,- հավելեց Խաչատրյանը:
Նկատենք, որ նախագծերը շարունակական բնույթ է կրելու:
JKS-ի անդամ (japan karate shoto federation) ասոցացիան այս ամսվա 29-ին կհյուրընկալի ճապոնական կարատեի Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահին, ով սեմինար-պարապմունքներ է անցկացնելու Հայաստանում՝ մարզիչների, մրցավարների և երեխաների համար: