ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենցից հետո Հայաստանում, միջազգային կառույցների չափորոշիչներով, քաղբանտարկյալներ չեն եղել: Ռուստամյանը սխալ է համարում քաղաքական դրդապատճառներով գնահատելը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման դեպքը։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց՝ քաղբանտարկյալ տերմինն օգտագործելը կամ իրենց միակ քաղբանտարկյալը համարելը, բարոյական չէ։

 

 

«Եթե հարցնենք նույն Լևոն Տեր Պետրոսյանին, ապա ՀՅԴ-ականներն էլ քաղբանտարկյալներ չէին, այլ տարրական հանցագործներ, որոնք ստեղծել էին կրոն և զբաղվում էին մարդասպանությամբ։ Այնպես որ՝ այստեղ «քաղբանտարկյալ» տերմինն օգտագործելը կամ իրենց միակը համարելը, մի քիչ բարոյական չէ։ Նույն Շանթ Հարությունյանին, որին ես ինքս եմ կարծում, որ այդ մարդը երևի թե նյարդերի հետ խնդիր ունի, հիմա շատերը համարում են քաղբանտարկյալ։ Շանթ Հարությունյանին ընդամենը պետք է մի փոքր բուժել, որովհետև ես չեմ պատկերացնում՝ 50 հոգով՝ մի քանի փայտ ձեռքները, կարելի է հեղափոխություն անել, կամ այդ մարդուն հռչակել քաղբանտարկյալ։ Դա ամոթ է մեզ համար, ես չեմ ընդունում նաև դա»,- ասաց Համբարյանը։

 

 

Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունների օրոք էլ ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը նույն րոպեին հիստերիա է առաջացնում, և իրենց հռչակում են քաղբանտարկյալ։