Քիչ առաջ Գյումրիի «Ֆանտաններ» կոչվող տնակային ավանի տնակներից մեկում ավարտվեց հանրահայտ գյումրեցի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի բաց համերգը:

...Երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում մոտ 3000 ընտանիք դեռ ապրում է վագոն-տնակներում: Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի կողմից 3 տարի անընդմեջ դեկտեմբերի 7-ին կազմակերպված «Ամոթի օր» վերտառությամբ ցուցահանդեսների ժամանակ ներկայացվել է տնակներում ապրողների իրական կյանքը՝ փորձելով բոլորի ուշադրությունը սևեռել խնդրի վրա, իսկ այս տարի, այդ ընտանիքներին օգնելու համար Հայկը միջազգային դրամահավաք է սկսել: Մինչև մարտի 15-ը 190 հազար դոլար հավաքելու դեպքում 13 ընտանիք բնակարանատեր կդառնա:

 

 

Նախաձեռնությանը միացել էր նաև աշխարհահռչակ գյումրեցի Տիգրան Համասյանը, ով նվագեց հայրենի քաղաքում:

 

 

Գյումրին լսեց Համասյանին, ծափահարեց ու պարգևատրեց...

 

 

«Հաշվի առնելով ջազային և հայ հոգևոր երաժշտության զարգացման բնագավառներում ունեցած զգալի ներդրումը, միջազգային հեղինակությունն ու համբավը, անսահման նվիրվածությունն իր ծննդավայր Գյումրիին և գյումրեցիներին, հայրենի քաղաքը միջազգային մրցույթներում ու փառատոններում հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդը, ինչպես նաև մարդասիրական, բարեգործական ակտիվ գործունեությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով՝ որոշում եմ աշխարհահռչակ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանին պարգևատրել Գյումրու քաղաքապետի ոսկե մեդալով»,- ասված է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշման մեջ: