Առաջ ասում էինք, թե Ազգային ժողովում չպետք է լինեն օլիգարխները, գործարարները, ոչ ինտելեկտուալները, իսկ հիմա վիճակը մի փոքր այլ է, հիմա ես ավելի շուտ կասեի՝ Ազգային ժողովում չպետք է լինեն ներկայումս գործող կուսակցությունները, խմբակցություններն ընդհանրապես: Չպետք է լինեն, որովհետև նրանց օգտակար գործունեության գործակիցը շատ ցածր է, ավելի պարզ լեզվով ասած՝ ամբողջ օրը ժողովրդի անունից խոսող ու ժողովրդին հղում անող, ԱԺ-ում էլ խմբակցություններ ունեցող այդ քաղաքական ուժերը նույն այդ ժողովրդի մեծ մասին ուղղակի պետք չեն:
Ես սա ասում եմ ընդամենը մի փոքրիկ հարցման հիման վրա, որն անց է կացվել ԼՈՒՐԵՐ.com-ում, բայց համոզված եմ, որ եթե նույնիսկ ամբողջ երկրում հարցում անցկացվի՝ արդյունքն առանձնապես շատ չի տարբերվի: Իսկ այս փոքրիկ հարցման արդյունքում, որին մասնակցել է 3730 մարդ, պարզվել է, որ մասնակիցների 72%-ը մեր ԱԺ-ի խմբակցություններից ոչ մեկին չի վստահում: Բայց ամենաուշագրավը դեռ առջևում է՝ մնացած 28%-ից ամենաշատը վստահում են ՀՀԿ խմբակցությանը՝ 11%: Նորություն չեմ ասի, եթե ասեմ, որ ՀՀԿ-ն միանշանակ ավելի աչքի է ընկնում իր թերություններով, քան առավելություններով: Բայց այդքանով հանդերձ, ԱԺ-ի այդ խմբակցությունն ավելի շատ է մարդկանց վստահություն ներշնչում, քան ընդդիմադիր խմբակցությունները, որոնք էլ, ի դեպ, ամբողջ օրը խոսում են հենց ժողովրդի անունից՝ ամեն անգամ չմոռանալով հիշեցնել, որ «ամբողջ ժողովուրդն» իրենց հետ է, իրենց կողքին է, ուղղակի պաշտում է իրենց... Ախր ձեզ նույնիսկ ՀՀԿ-ի չափ չեն սիրում...
Իսկ առավել հետաքրքիրն այստեղ այն է, որ 72%-ը, փաստորեն, կարիք ունի ինչ-որ մի նոր ուժի կամ ուժերի, որոնց միգուցե կվստահի, այսինքն, մեր քաղաքական դաշտը մեծիմասամբ ենթակա է փոփոխության, ոչ միայն մարդկանց փոփոխության, այլ նաև՝ կուսակցությունների: Մեր քաղաքական դաշտին լրիվ նոր ուժեր են պետք, թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր:
Եթե մի բանը, մի կառույցը որևէ տեսքով գոյություն ունի, գործում է, ապա այն պետք է գոնե ինչ-որ արդյունավետություն, օգտակարություն ունենա: Պատկերացրեք, խանութը, որից ոչ ոք չուզի առևտուր անել՝ որպես ի՞նչ պետք է խանութի տերը պահի այն, եթե այն իրեն ոչինչ չի տալիս: Կփակի, տեղը ուրիշ բան կբացի, կամ էլ գոնե այնտեղ վաճառվող ապրանքատեսականին կփոխի, որովհետև միգուցե այդ ապրանքատեսականին պահանջարկ չունի: Հիմա նույնը որ մեր քաղաքական դաշտի մասով ասեմ՝ կոպիտ կստացվի, բայց պետք է ասեմ. մեր քաղաքական դաշտի խաղացողների մեծ մասին փոխեք, նրանց խաղը մեր երկրին ոչինչ չի տալիս: Կամ փոխեք նրանց, կամ էլ քաղաքական դաշտը փակեք, տեղը սուպերմարկետ բացեք:
Կարեն Վարդանյան