Ինչպես արդեն ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացրել էր, Քննչական կոմիտեի վարույթում քննվող գործերից մեկով՝ իրավապահ մարմինները գաղտնալսել են փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին և Կարեն Կիրակոսյանին:

 

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ արգելվում է անցկացնել գաղտնալսում, երբ հաղորդակցվում է իր փաստաբանի հետ, ու անհապաղ ոչնչացման են ենթակա գաղտնալսման արդյունքում ստացված պարունակող տեղեկությունները, որոնք փաստաբանական գաղտնիք են պարունակում ու ստացվել են այլ անձի՝ ոչ փաստաբանի գաղտնալսելիս:

 

ԼՈւՐԵՐ.com-ին մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ այսօր փաստաբանը գաղտնալսումների կապակցությամբ հաղորդում է ներկայացրել, որն ուղարկվել է Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:

 

Գործի նախաքննության ավարտից հետո ձայնագրման հիշյալ նյութերը քրեական գործի հետ ուղարկվել են դատարան: Ընդ որում՝ ոչ մեկը քրեական գործին չի կցվել ու մեղադրանքի ծավալում չի ընդգրկվել:

 

Տվյալ դեպքում փաստաբանների հեռախոսային խոսակցությունները ոչ միայն ապօրինի լսվել են, այլև դրանք հետագայում չեն ոչնչացվել ու ավելին` հրապարակայնացվել են: Հաղորդման մեջ Ալեքսանդր Սիրունյանը նշել է, որ «այդ նյութերը առնվազն տեսել են.

 

1) Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետը,

2) վերջինիս համապատասխան տեղակալը,

3) քննչական բաժնի գրասենյակի աշխատակիցները,

4) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը,

5) նույն դատախազության այն դատախազը, որն իրականացրել է դատավարական ղեկավարում (Ա.Մանուկյան),

6) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության գրասենյակի աշխատակիցները,

7) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի աշխատակիցները,

8) դատավոր պարոն Մ.Մարտիրոսյանը,

9) վերջինիս աշխատակազմի աշխատակիցները:

10) Հետագայում, երբ դիմել եմ նշված նյութերը դատարանից ստանալու համար, դրանք պատճենահանվել են, այսինքն՝ դրանք տեսել է պատճենահանողը,

11) դատարանի նյութերը իմ փոխարեն ստացել է մեղադրյալ Լ.Սողոմոնյանը, տարել է տուն…:

Չի բացառվում, որ այդ նյութերը տեսել են նաև տուժողները ու վերջիններիս ներկայացուցիչը:

 

Այդ ամենը, իմ կարծիքով, տեղի է ունեցել քննիչի ու դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով` դիտավորյալ, թե՝ անզգույշ, տեղյակ չեմ»,- նամակում գրել է Սիրունյանը: