Ամերիկյան հետախուզական շրջանակների ներկայացուցիչները խոստովանում են, որ նրանց համար դժվար է կանխատեսել «անհասանելի» Վլադիմիր Պուտինի գործողությունները, հաղորդում է NPR-ը: Նրանց խոսքով՝ ՌԴ նախագահի գրեթե «բացարձակ» լիազորությունները և նրա անցյալը ՊԱԿ-ում մեծապես բարդացնում են ամերիկացի գործակալների աշխատանքը՝ Կրեմլի գործողությունների վերլուծության և կանխատեսման հարցում:

 

Ամերիկյան հետախուզության գործակալներին պատրաստում են «բարդ թիրախների» հետ աշխատանքի, գրում է ամերիկյան ռադիոկայանների համայքնի NPR կայքը: Այդուհանդերձ, «Հետախուզության ազգային խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնի նախագահ Գրեգորի Թրևերթոնի կարծիքով՝  չկա ավելի բարդ «թիրախ», քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, քանի որ «նույնիսկ նրա սեփական խորհրդականների համար դժվար է կռահել, թե ինչ է նա մտածում»:

 

Թրևերթոնի խոսքով՝  Ռուսաստանի առաջնորդը «այնքան մեկուսացված է, որ նրա կողմից թույլ տված որոշակի սխալ հաշվարկի և հապճեպ գործողությունների հավանականությունը առաջին տեղն է զբաղեցնում ինձ հուզող հարցերի շարքում»: «Ես նախընտրում եմ տարբերակել հանելուկները, այսինքն մի բան, որն ունի որոշակի պատասխան, որը կարող է հայտնի չլինել մեզ, և գաղտնիքները, որոնք անհուսալի են ու կախված են հանգամանքներից: Իսկ ինչպես իրեն կդրսևորի Պուտինը, ըստ երեւույթին, գաղտնիք է, և գուցե նույնիսկ Պուտինի համար», - մեջբերում է NPR-ը վերլուծաբանին: