ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն կստեղծի, սակայն դեռևս չի ցանկանում անուններ նշել՝ ովքեր կլինեն նրա կուսակցության մեջ։

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Վարդան Օսկանյանը չբացառեց, որ կուսակցությանը կանդամագրվեն պատգամավոր գործընկերներից ոմանք, բայց անուններ խուսափեց այս պահին նշելուց: Կուսակցության անունը ևս հայտնի չէ, բայց խոստանում է՝ շուտով կիմանանք։

 

Վարդան Օսկանյանը նաև հերքեց, թե կուսակցությունը որևէ կապ կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Բացարձակ կապ չունի, ես կարծում եմ՝ բավարար բացատրություն տվել եմ այդ հարցին»։

 

Հարցին, թե ինքն ի՞նչ ռեսուրսով է պատրաստվում ժողովրդի քվեն ստանալ, պարոն Օսկանյանն ասաց. «Վարդան Օսկանյանի ռեսուրսով, կուսակցության ծրագրով, մեր անելիքներով, երկրի նկատմամբ մեր տեսլականով։ Երեկ ես հստակորեն ասել եմ՝ Քոչարյանն այս կուսակցության հետ կապ չունի, բայց նորից եմ կրկնում՝ ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից, ես էդպիսի խնդիր չունեմ»:

 

Օսկանյանը հավելեց, որ Քոչարյանի ժամանակվա իշխանությունն, իհարկե, շատ թերություններ է ունեցել տարբեր ոլորտերում, բայց այդ իշխանությունը նաև մեծ հաջողություններ է ունեցել՝ հատկապես այսօրվա տնտեսական իրավիճակի ֆոնին, արտաքին քաղաքականության հարցերի ֆոնին։ «Ես կարծում եմ, որ դա այն ժամանակաշրջանն է, որ շատ հարցերով ժողովուրդը դրականորեն է հիշում»։

 

Վարդան Օսկանյանը չբացառեց նաև համագործակցությունն այլ կուսակցությունների հետ, այդ թվում՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ:

 

«Ես կարծում եմ՝ մեկ տարին լրիվ բավարար է, որ կարողանանք ծրագրեր ներկայացնել ժողովրդին»,- ասաց Օսկանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ուշ չէ՞ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ կուսակցություն բացելը։