Արարատի մարզի բնակիչ Պետիկ Բլբուլյանի դուստրը տարրական դասարանի ուսուցչուհի է: Էրեբունու դպրոցներից մեկից ժամանակ առաջ տեղափոխվել է Նոր Նորքի թիվ 197 դպրոց։ Սակայն, այնտեղ նա երկար չաշխատեց։ Հունվար ամսին դպրոցի տնօրեն Ալմաստ Ավետիսյանը նրան կանչում է և պահանջում աշխատանքից ազատման դիմում ներկայացնել՝ պատճառաբանելով, որ աշակերտների ծնողները դժգոհ են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց ուսուցչուհու հայրը, ով մի քանի օր է, ինչ Կառավարության նիստերից առաջ փորձում է հանդիպել Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ և ներկայացնել իր խնդիրը։ 

 

«Իմ աղջիկը շատ նորմալ աշխատել է, Էրեբունուց տեղափոխվեց Մասիվ, որպեսզի տանը մոտ լիներ։ Այնուհետև՝ հունվար ամսին, դպրոցի տնօրենը կանչեց իմ աղջկան իր մոտ և ասաց. «Սա իմ դպրոցն է, ես եմ որոշելու՝ դուք ստեղ կաշխատե՞ս, թե՞ ոչ, դիմում գրեք, հեռացեք»։ Տնօրենը պատճառաբանել է, որ ծնողները չէին ցանկանում։ Բայց չէին ցանկանում, թող տեղափոխություն անեին, 5 հատ տարրական դասարան կար։ Աղջիկս էլ միամտաբար դիմում է գրում և հեռանում։ Հաջորդ օրը գնում է, որպեսզի դիմումը հետ վերցնի, տնօրենը նույնիսկ չի ընդունում։ Մենք էլ օրենքը չգիտեինք, որ նա կարող է 3 օրվա ընթացքում դիմում գրել՝ նախորդ դիմումը չեղյալ համարելու համար»,- պատմեց մեր զրուցակիցը։ 

 

Նշենք, որ Նոր Նորքի թիվ 197 հիմնական դպրոցը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Պետիկը դիմել է նաև քաղաքապետարան, սակայն ապարդյուն։ «Ինձ ասում են՝ նորմալ ձևով, ըստ օրենսդրության, ազատել են։ Ես էլ ասում եմ՝ ըստ օրենսդրության 5 աշխատանքային օրից հետո պետք է մրցույթ հայտարարվեր, ինչո՞ւ չեն արել։ Ինձ ասում են՝ դպրոցի տնօրենը հարմար չի գտել մրցույթ հայտարարել, այդ ժամերն արդեն դասավանդող կա։ Եթե այդ ժամերը դասավանդող կար, տարվա սկզբին մրցույթ ինչի՞ էիք հայտարարում։ Թե՞ շահույթը շատ մեծ էր։ Ամեն մի դասվարից 3-4 հազար դոլար է պահանջվում՝ այնտեղ աշխատելու համար։  

 

Քաղաքացին ասաց, որ իր աղջիկը կուսակցական պատկանելիություն չունի, քաղաքական հայացքների համար չեն հեռացրել։ «Ես կարող եմ մի բան ասել, բայց ապացուցել չեմ կարող։ Դասվարներից մեկը մոտենում է աղջկան և ասում. «Գիտեք, որ այստեղ աշխատելու համար 3-4 հազար դոլար է պահանջվում։ Գոնե 3000 հազարը պետք է մաղարիչ անեք»։ Աղջիկս էլ ասում է՝ ես նման գումար որտեղի՞ց պետք է տամ։ Այս դպրոցի տնօրենի ամուսինը քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի վարիչն է, թե վարիչի տեղակալը, չեմ հիշում։ Բաժնի վարիչներով իրար դպրոցներ են նվիրում։ Ենթադրում ենք, որ Հանրապետական է»,- եզրափակեց իր խոսքը։ 

 

Վերջում հավելենք, որ Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը քաղաքացուն խոստացավ ուսումնասիրել հարցը և անպայման ընթացք տալ խնդրին։ ԼՈՒՐԵՐ.com-ը պատրաստ է ներկայացնել մյուս կողմի (դպրոցի) տեսակետը ևս։

 

Քրիստինա Աղալարյան