Ստամբուլում ահաբեկչական գործողության հետևանքով վիրավորված 40-ամյա Օքսան Խաչանյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նա Շիշլիի «Էթֆալ» հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում է: Ընտանիքի անդամները ժամանել են հիվանդանոց՝ նրա մոտ գտնվելու այս դժվար պահին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Նրա խոսքով՝ Խաչանյանն աշխատում է դեպքի վայրի մոտակայքում:
Ստամբուլի սրտում՝ Իստիքլալ պողոտայի վրա, մարտի 19-ին ահաբեկչական պայթյունին զոհ է գնացել չորս մարդ: Մահապարտ ահաբեկիչը ևս կնքել է մահկանացուն: Հաղորդվում է 36 վիրավորների մասին, որոնցից 7-ի վիճակը ծանր է: Վիրավորներից 12-ն օտարերկրացիներ են: